ԱՀ Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է ունենալ նվազագույնը 8 % տնտեսական աճ:
«Նախատեսում ենք ստեղծել նվազագույնը 5000 նոր աշխատատեղ». Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ վարչապետության ժամանակ հայտարարել եմ, որ տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8%-ը: Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա 5 տարիների համար նախանշված նվազագույն 8% տնտեսական աճը կգերակատարվի: Ի դեպ, իմ սպասելիքներն ու ծրագրերն այնպիսին են, որ 2021 թվականին կանխատեսվում է երկնիշ թիվ: 2020 թվականի մասին չէի ցանկանա գնահատական տալ, քանի որ, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և մի շարք այլ հանգամանքներից ելնելով, կարող է նվազագույն աճ լինի կամ էլ, ընդհանուր առմամբ, աճ չլինի»,- մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:
Հանրապետության Նախագահի խոսքով՝ 2021 թվականից հետո տնտեսական աճի բավականին բարձր տեմպեր կլինեն հատկապես գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, էներգետիկ, ծառայությունների ոլորտներում:
ԱՀ Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույնը ունենալ 5000 նոր աշխատատեղ: Ա. Հարությունյանը վստահ է՝ արդեն մի քանի ամիսների ընթացքում աշխատուժի կարիք կզգացվի շինարարության, գյուղատնտեսության և վերամշակվող արդյունաբերության ոլորտներում:
Միևնույն ժամանակ Հանրապետության Նախագահը նշել է, որ պետք է վերաբնակեցման ու հայրենադարձության քաղաքաղականությունը ճիշտ իրականացնել, որը թույլ է տալու լուծել աշխատուժի խնդիրը:
Անդրադառնալով աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացմանը՝ երկրի ղեկավարը նշել է, որ դրանք կրելու են շարունակական բնույթ, միաժամանակ հիշեցրել, որ այս ոլորտում քաղաքականությունը տարվում է ՀՀ-ի հետ ներդաշնակ: