ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների հնարավոր բռնակցումը բացասական կազդի Եվրամիության հետ հարաբերությունների վրա:
«Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցումը բացասական կազդի ԵՄ-Իսրայել համագործակցության վրա». Բորել
«Որպես մարդ, որն անձամբ կապ ունի տարածաշրջանի հետ, Իսրայելի իշխանությունների հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծել եմ, որ բռնակցումը սպառնալիքի տակ կդնի Իսրայելի հետ լավ համագործակցությունը: Մենք միանշանակ դա չենք ուզում»,-գրել է Բորելը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության էջի իր բլոգում:
Նրա խոսքով` այժմ ԵՄ-ի և Իսրայելի` ավելի սերտ համագործակցության հնարավորություններ կան Մերձավոր Արևելքում կայունության հասնելու համար:
«Բայց մենք չենք կարող և չենք ճանաչի սահմանների փոփոխությունն ըստ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների, եթե դա չհամաձայնեցվի հակամարտության երկու կողմերի միջև»,-նշել է Բորելը:
Պաշտոնյան Իսրայելին կոչ է արել խուսափել միակողմանի քայլերից: ԵՄ-ն դիմել է նաև պաղեստինցիներին և կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
«Հարկավոր է բանակցություններ վարել, ինչքան էլ որ դա դժվար լինի: Ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին ՝ օգնելու մոբիլիզացնել միջազգային հանրությունը երկու կողմերի համար ընդունելի և կայուն արդյունքի հասնելու համար»,-ընդգծել է Բորելը:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում: