Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը երկրի ներքին գործն է, որին որևէ մեկը չպետք է միջամտի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Թուրքիայի ներքին գործն է, որին ոչ մեկ չպետք է միջամտի». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը
«Այս հարցը հանրային մեծ արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որին, բնականաբար, ո՛չ մենք, ո՛չ որևէ այլ կողմ չպետք է միջամտի: Միևնույն ժամանակ ուշադրություն ենք դարձնում այս օբյեկտի նշանակությանը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության տեսանկյունից»,-փոխարտգործնախարարի մեկնաբանությունը մեջբերում է vz.ru–ն:
Աղբյուրը հավելում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խոր մտահոգություն էր հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման առնչությամբ՝ թուրքական իշխանություններին խելամտության կոչ անելով:
Մինչդեռ Հունաստանի մշակույթի և սպորտի հարցերով նախարար Լինա Մենդոնին այս որոշումը «համայն քաղաքակիրթ աշխարհին նետված բաց մարտահրավեր» է որակել:
ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի որոշումը քրիստոնյաների համար վիրավորանք են անվանել:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չափազանց վշատացած է այս որոշմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։