Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել
Հայ կրթական հիմնարկության», սփյուռքահայ բարերարների և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջոցներով ձեռք բերված սմարթֆոններն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանձնել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների մի շարք աշակերտների:
Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ բարեգործական ծրագրի իրականացումն առցանց դասերին պատրաստվելու հերթական քայլերից է:
Նա տեղեկացրել է, որ բարեգործական ծրագրի շրջանկներում ձեռք են բերվել 389 սմարթֆոներ (բջջային հեռախոսներ) Ստեփանակերտի և 210-ը՝ Շուշիի դպրոցների այն աշակերտների համար, ովքեր դրա կարիքն ունեն:
Խոսելով հեռավար ուսուցմանն անցնելու մասին՝ նախարարը նշել է. «Մենք նույնիսկ չենք էլ ուզում
մտածել հեռավար ուսուցման մասին: Հուսանք, որ կկարողանանք այնպիսի կարգապահություն և բարձր պատասխանատվություն ունենալ, որպեսզի անցում չկատարենք հեռավար ուսուցման: Ի դեպ, մենք շրջաններում ևս իրականացրել ենք նմանատիպ ծրագրեր: Տարբեր անհատների հովանավորությամբ 100 դյուրակիր համակարգիչներ հանձնվել են Ասկերանի շրջանի դպրոցներին, նույնքան էլ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տրամադրվել է Քաշաթաղի շրջանին: Տարբեր անհատներ, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, ևս արձագանքել են այս ծրագրին՝ ձեռք մեկնելով իրենց համագյուղացիներին, տրամադրել հեռախոսներ և դյուրակիր համակարգիչներ»:
Լ. Ղարախանյանը նախարարության, ուսուցչության և աշակերտության անունից շնորհակալություն է հայտնել ծրագրի աջակիցներին՝ ցանկանալով, որ մեկենաս լինելու գաղափարը փոխանցվի բոլորին:
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել է, որ սփյուռքահայ բարերարները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Արցախի կրթական համակարգում առկա խնդիրները և մեծամասամբ տալիս անհրաժեշտ լուծումներ:
Նրա խոսքով՝ ամիսներ առաջ Լուսինե Ղարախանյանն իր հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի պակասի մասին:
«Անմիջապես կապ հաստատեցի սփյուռքահայ բարերարների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների հետ: Արդյունքում 214 սմարթֆոններ ձեռք ենք բերել Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ: Ամերիկահայ և լիբանանահայ մեր բարերարները ևս ձեռք են մեկնել արցախցի աշակերտներին: Պետք է առանձնացնեմ, որ Հայկուշ Քոհլերի մեկենասության շնորհիվ ձեռք ենք բերել 200 սմարթֆոն: Անկախ երկրում տիրող իրավիճակից՝ լիբանանահայ բարերարները ևս մասնակցություն են ունեցել ծրագրի իրականացմանը, որի համար երախտապարտ ենք ինչպես լիբանանահայությանը, այնպես էլ բոլոր այն հովանավորներին, ովքեր մշտապես կանգնած են մեր կողքին»,- մասնավորապես ասել է Ա. Սիմոնյանը:
Տեղեկացնենք, որ Շուշիի աշակերտներին սմարթֆոնները կտրամադրվեն վաղը՝ սեպտեմբերի 24-ին: