«Մեսրոպ Մաշտոց» համալսարանում կազմակերպվել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության շնորհանդես
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում (ՄՄՀ), օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում տեղի է ունեցել Ազգային արագացման հանրային նախաձեռնության շնորհանդեսը։
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանում կազմակերպվել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհանդեսի ժամանակ քննարկվել են «Ազգային կորպուս», «Ձայնային կորպուս»,«Թվայնացում», «Խոսքի ճանաչում», «Խոսքի սինթեզ», «Մեքենայական թարգմանություն», «Գիտահետազոտական նոր հեռանկարները «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում» թեմաները:
Կատարած և կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքներում համալսարանի կողմից առաջիկայում ներգրավվածության մասին մեզ հետ զրույցում ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Մովսիսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ համագործակցության շրջանակներում բուհի օտար լեզուների ամբիոնի աշխատակիցները ներգրավվելու են Ազգային արագացման հանրային նախաձեռնության աշխատանքներին:
«Թվայնացումը և կորպուսների ստեղծումն առաջին անգամ է մուտք գործում հայկական բուհեր. մեկնարկը տրվում է հենց «Մեսրոպ Մաշտոց» համալսարանից:
Ազգային արագացման հանրային նախաձեռնության օգնությամբ համալսարանը, մասնավորապես՝ օտար լեզուների ամբիոնը, ներգրավվելու է հայերենի ձայնային կորպուսի ստեղծմանը: Հայերենի ձայնային կորպուսը թվային դարաշրջանի ամենաարժեքավոր գործիքն է, որն իրենից ներկայացնելու է ձայնադարան, խոսքի շտեմարան. ստեղծված արտադրանքը կիրառելի է լինելու ինչպես լեզվագիտական հետազոտությունների, ուսումնամեթոդական նյութեր պատրաստելու համար, այնպես էլ մշակութային գործիչների աշխատանքներում, ռազմաարդյունաբերության բնագավառում, տեղեկատվական դաշտում և անվտանգության ոլորտում»,- մասնավորապես ասել է Դ. Մովսիսյանը:
Միջոցառմանը ներկա էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: