«Աշխարհը հետևում է․ արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողքին». Ալեքսիս Օհանյան
Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Twitter-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ավերիչ հրետակոծությանը։
«Աշխարհը հետևում է․ արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողքին». Ալեքսիս Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Կիսվելով հրետակոծության տեսանյութով՝ Օհանյանը գրել է․ «Աշխարհը հետևում է․ արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողքին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: