Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հարյուրավոր արցախցիներ բողոքի ցույց են կազմակերպել ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի դիմաց։
ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախցիները կանգնած են դատապարտող պաստառներով և հանդես են գալիս կոչերով։
Ցույցի կազմակերպիչ Իրինա Սաֆարյանն ասել է, որ ակցիայի նպատակն է միջազգային հանրությանը լսելի դարձնել Արցախի ձայնը։
«Մենք չենք լռելու, քանի որ մեր պահանջն արդար է։ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ամենատարբեր արգելված զինատեսակներ, խլելով նույնիսկ խաղաղ բնակիչների բազմաթիվ կյանքեր։ Մեր ձայնը պետք է հասանելի լինի ի լուր աշխարհի»,- ավելացրել է Ի. Սաֆարյանը։
Ակցիայի մասնակից Սիրանուշ Սարգսյանը նշել է, որ սպասելու են այնքան, մինչև որ ներկայացուցիչը դուրս գա և պատասխան տա իրողության համար։
Նա ասել է նաև, որ այս պահին իր մոտ կան այս օրերին կատարված փաստեր, որոնք կներկայացնի հանդիպման ժամանակ։
Նախաձեռնության մեկնարկից ուղիղ 50 րոպե անց թույլ են տվել երեք մասնակցի մուտքը շենք։
Րոպեներ անց գրասենյակի շենք մուտք գործած մասնակիցներից Լիանա Ադամյանը հայտարարեց, որ ներկայացուցիչը տեղում չէ այս պահին, բայց պայմանավորվածություն են ձեռք բերել 17։00-ին հանդիպելու։
Այժմ իրականացվում է ստորագրահավաք։
Տեղեկացնեմ, որ այս պահին ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան, որին հենց նոր միացավ նաև արվեստագեգների մի մեծ խումբ։