Արցախի պետական համալսարանի առաջիկա գիտխորհրդի նիստում կվերանայվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերում:
Կվերանայվի ԱրՊՀ մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ որոշ կրթական ծրագրեր կկրճատվեն: Փոփոխություններ կլինեն նաև մասնագիտությունների ցանկում և կրթական ծրագրերում, քանի որ, ըստ Ա. Սարգսյանի, առ այսօր ԱրՊՀ կրթական ծրագրերի մեծամասնությունը մանկավարժական ուղղվածության են, իսկ առաջիկայում պետք է տուրք տալ տեղեկատվական տեխնոլոգիաներին ու հարակից այլ մասնագիտություններին: Հաշվի առնելով, որ Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է վերակառուցման փուլում՝ ներկայումս պարապմունքները կազմակերպվում են համալսարանի երկրորդ և երրորդ մասնաշենքերում: Արմեն Սարգսյանը նշել է, որ պատերազմի հետևանքով տուժել են նաև համալսարանի երկրորդ մասնաշենքը և հանրակացարանի շենքը. հիմնականում ջարդվել են պատուհաններ և դռներ: