Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը
94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը:
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Դ'Էստենի անվան հիմնադրամից տեղեկացրել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքներն են: Սպասվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ:
Քաղաքական գործչի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահներ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:
Նոյեմբերի կեսերին հաղորդվել էր, որ Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լուար և Շեր շրջանի իր կեցավայրից: Նոյեմբերի 20-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Սեպտեմբերին դ'Էստենը արդեն հոսպիտալացվել էր թոքերի վարակի պատճառով: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս չէին հայտնաբերել և շուտով կրկին դուրս էին գրել:
Վալերի Ժիսկար դ'Էստենը ծնվել է 1926 թվականին Ֆրանսիայի կողմից բռնազավթված գերմանական Կոբլենց քաղաքում `պաշտոնյայի ընտանիքում: Ավարտել է Բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցը և Կառավարման ազգային դպրոցը: Աշխատել է որպես ֆինանսների նախարար Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի նախագահության տարիներին, եղել է «Դաշինք հանուն ֆրանսիական ժողովրդավարության» կուսակցության ղեկավարը:
1974 թվականին Պոմպիդուի մահից հետո նախագահական ընտրություններում հաղթել է դ'Էստենը: Նրա օրոք Ֆրանսիան դուրս է եկել Շառլ դը Գոլի արտաքին քաղաքական գծից և սկսել է ՆԱՏՕ վերադառնալու գործընթացը: Միևնույն ժամանակ, նա ջանքեր է գործադրել սերտացնելու կապերը Խորհրդային Միության հետ, ավելի քան տաս անգամ այցելել է ԽՍՀՄ, իսկ ավելի ուշ `Ռուսաստան: 1981 թվականի նախագահական ընտրություններին պարտվել է Ֆրանսուա Միտերանին: