Չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ամենամյա 4 բանաձև է ընդունել ի պաշտպանություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի գործողությունների: Քվեարկությունը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` առաջին անգամ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայր այցելությունից անմիջապես հետո, ինչը դատապարտվել էր շատ երկրների կողմից:
ՄԱԿ-ն աջակցել է Պաղեստինի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին տարածքների նկատմամբ իրավունքին. ընդունվել են Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձևեր
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փաստաթղթերում բոլոր երկրներին կոչ է արվում նպաստել պաղեստինցի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակմաարտության կարգավորմանը՝ երկու պետությունների ստեղծման հիմքով: Բոլոր բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ, դեմ քվեարկողների թվում են եղել ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան և Ավստրալիան:
«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորում» վերնագրով բանաձևում Գլխավոր վեհաժողովը պահանջում է «ամբողջությամբ դադարեցնել իսրայելական վերաբնակեցման գործունեությունը Պաղեստինի գրավյալ տարածքում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը», ինչպես նաև կոչ է անում դադարեցնել իսրայելցի վերաբնակիչների կողմից սադրանքները, այդ թվում` կրոնական վայրերում:
Բանաձևը վերաբերում է նաև կարգավորման առանցքային խնդիրներից մեկին՝ Երուսաղեմի կարգավիճակին: Իսրայելը 1967 թվականի պատերազմի ժամանակ գրավել է քաղաքի արևելյան մասը և Երուսաղեմն անվանում է իր «միակ և անբաժանելի» մայրաքաղաք: Այս կապակցությամբ, Գլխավոր վեհաժողովը կոչ է անում «բոլոր պետություններին, կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով ստանձնած իրենց պարտավորությունները, չճանաչել սահմանների փոփոխությունները, որոնք գոյություն ունեին մինչև 1967 թվականը, ներառյալ` Երուսաղեմի մասով»:
Երեքշաբթի ընդունված ևս 3 փաստաթուղթ վերաբերում է կազմակերպության ներքին ընթացակարգերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են մերձավորարևելյան կարգավորմանն աջակցելուն և Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքների ապահովմանը: