ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենաուշագրավ ձեւակերպումն այն է, որ Փաշինյանը պետք է ընդուներ Լավրովի պլանը եւ կանգնեցներ պատերազմը:
Ո՞րն էր լինելու Ռոբերտ Քոչարյանի արձագանքը. վերլուծական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Քոչարյանն, այսպիսով, խոստովանում է, որ ղարաբաղյան կարգավորման Լավրովի պլան գոյություն է ունեցել: Մինչդեռ Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը հակառակն էին պնդում՝ չկա Լավրովի պլան, բանակցություններն ընթանում են երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ Հայաստանի համար առաջնայինը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:
Կամա, թե ակամա, բայց Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց իր հաջորդի սուտը: Այն է՝ Հայաստանը քննարկել եւ սկզբունքորեն համաձայնել է ղարաբաղյան կարգավորման Լավրովի պլանին, որտեղ խոսք է գնում Արցախի շուրջ տարածքները 5+2 ձեւաչափով Ադրբեջանին վերադարձնելու, տարածաշրջանի կոմունիկացիաներն ապաշրջափակելու, բաժանարար գծով ռուս խաղաղապահների տեղաբաշխման մասին՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնելով պոստկոնֆլիկտային բանակցությունների առարկա:
Քոչարյանի ասածից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այդ պլանից, որին հետեւել է Ադրբեջանի ագրեսիան: Այսինքն, պատերազմը միջոց էր՝ Փաշինյանին պարտադրելու Լավրովի պլանը: Բաց է մնում մի սկզբունքային հարց. եթե 2018թ. Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենար, Սերժ Սարգսյանը ե՞րբ էր ստորագրելու ԼՂ շուրջ տարածքները 5+2 ձեւաչափով Ադրբեջանին վերադարձնելու պայմանագիրը: Եւ այդ դեպքում ո՞րն էր լինելու Ռոբերտ Քոչարյանի արձագանքը:
Վահրամ Աթանեսյան