Ամերիկյան Boeing ընկերությունը 2,5 միլիարդ դոլար կվճարի 737 MAX ինքնաթիռների վերաբերյալ դավադրության գործի շրջանակներում:
Boeing-ը 2,5 մլրդ դոլար կվճարի 737 MAX-ի շուրջ դավադրության գործի շրջանակներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը` հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Ընկերությունը 244 միլիոն ԱՄՆ դոլար տուգանք կվճարի Արդարադատության նախարարությանը, 1,77 միլիարդ դոլար փոխհատուցում՝ հաճախորդներին, 500 միլիոն դոլար փոխհատուցում՝ ավիավթարների զոհերի հիմնադրամին:
«Lion Air ավիաընկերության 610 և Ethiopian Airlines ընկերության 302 չվերթների ողբերգական վթարները բացահայտել են աշխարհի առաջատար ավիարտադրողներից մեկի աշխատակիցների կողմից խարդախության և խաբեության փաստերը»,-հաղորդագրության մեջ մեջբերվում է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Դեյվիդ Բըրնսի խոսքերը:
Փաստաթղթերի համաձայն, ընկերությունը խոստովանել է, որ իր աշխատողներից երկուսը մանևրման համակարգի բարելավման աշխատանքի մասին թերի տեղեկություններ են ներկայացրել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչություն:
2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում վթարի է ենթարկվել Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի կործանումից զոհվել էր 189 մարդ: Boeing- ը խոստովանել էր, որ երկու դեպքում էլ մինչ ինքնաթիռը կործանվելը ինքնաթիռում եղել է մանևրման բարելավման համակարգի անսարքություն: Դրանից հետո շատ երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ անդամ երկրները, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել էին այս շարքի ինքնաթիռների շահագործումը: