ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ ուրախ է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվելու հունվարի 20-ին կայանալիք իր երդմնակալության արարողությանը՝ վերջինիս անվանելով «երկրի համար անարգանք», որն արժանի չէ իր զբաղեցրած պաշտոնին:
«Լավ է, որ չի գալու. նա խայտառակեց մեզ ամբողջ աշխարհում». Բայդենն ուրախություն է հայտնել Թրամփի՝ իր երդմնակալության արարողությանը չմասնակցելու որոշման կապակցությամբ
«Լավ է, որ չի գալու»,-Ուիլմինգթոնում լրագրողներին ասել է Բայդենը՝ հակադարձելով իր՝ անցյալ ամիս արված հայտարարությանն այն մասին, որ երկրի համար կարևոր է, որ Թրամփը ներկա լինի երդմնակալության արարողությանը:
«Թրամփը գերազանցեց նույնիսկ իմ ամենավատ պատկերացումները նրա մասին։ Նա անարգանք է երկրի համար, խայտառակեց մեզ ամբողջ աշխարհում։ Արժանի չէ, արժանի չէ զբաղեցնել այդ պաշտոնը»,- հավելել է Բայդենը։
Ընդ որում, Բայդենը նշել է, որ ուրախ կլինի, եթե փոխնախագահ Մայք Փենսը կմասնակցի իր երդմնակալության արարողությանը՝ նշելով, որ կարևոր է հետևել վարչակազմերի փոփոխության պատմական նախադեպերին։
«Մեզ համար պատիվ կլիներ նրա ներկայությունը»,- հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը:
«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին՝ ես չեմ գնա հունվարի 20-ին երդմնակալության արարողությանը»,- գրել է նա:
Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: