Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներում Օլիմպիադայի հնարավոր չեղարկման մասին առկա լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հերքել են միջոցառման հնարավոր չեղարկման մասին լուրերը
Խաղերի կազմակերպման գործում ներգրավված աշխատակիցներին դիմելիս նա այս տեղեկատվությունն անվանել է «իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ»:
«Երբ այդպիսի հաղորդագրություններ են հայտնվում, որոշ մարդիկ կարող են անհանգստանալ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես չենք մտածում այդ մասին (չեղյալ հայտարարել Խաղերը), այդ հաղորդագրությունները կեղծ են»,-ասել է Տոշիրո Մուտոն:
Նա այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ճապոնական որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ փետրվարին կայանալիք նիստում Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիո-2020-ի կազմկոմիտեն կքննարկեն Խաղերի ապագան, մասնավորապես` դրանք չեղյալ հայտարարելու հնարավորությունը: