Ստեփանակերտում կայացել է «Անչափահասների հետ տարվող առօրյա աշխատանքները Արցախի Հանրապետությունում» թեմայով սեմինար-քննարկում
Օրերս Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի է ունեցել «Անչափահասների հետ տարվող առօրյա աշխատանքները Արցախի Հանրապետությունում» թեմայով գիտաճանաչողական սեմինար-քննարկում՝ նպատակ ունենալով նպաստելու հասարակության քաղաքացիական պատասխանատվության մակարդակի ձևավորմանը և զարգացմանը:
Ստեփանակերտում կայացել է «Անչափահասների հետ տարվող առօրյա աշխատանքները Արցախի Հանրապետությունում» թեմայով սեմինար-քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սեմինարը վարում էր ԳՆՀ իրավաբանական ամբիոնի վարիչ, վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը, ով հանդես եկավ «Անչափահասների սահմանադրաիրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում» զեկույցով:
Բանախոսն անդրադարձավ «անչափահաս» և «երեխա» հասկացությունների իրավական պարզաբանմանը, ինչպես նաև նրանց 0-18 տարեկանում ձեռք բերվող իրավունքներին և պարտավորություններին:
Մեզ հետ զրույցում ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Սոնա Համբարձումյանը կարևորեց անչափահասների իրավական զարգացումը:
«Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում: Նրանց իրավունքների և ազատությունների մեջ հատկանշական է բացատրել ազատության այն սահմանաչափը, որը հնարավորություն է տալիս անձի ազատությունը համատեղել այլ անձանց ազատությունների հետ»- նշեց նա:
Ելույթներով հանդես եկան ԱՀ Ներքին գործերի նախարարության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Պարույր Արզանյանը, Արցախի Հանրապետության փաստաբանների միության անդամ, ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Էլլադա Ղահրամանյանը:
Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխաններով, որի միջոցով մասնակից անչափահաս ուսանողները կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի իրավական պատասխանները:
Միջոցառմանը մասնակցում էին ԳՆՀ քոլեջի և բակալավրի ուսանողներ, դասախոսներ, ԱՀ ՆԳՆ ներկայացուցիչներ և դպրոցներից հրավիրված աշակերտներ: