Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է միջոցառում` «Արվեստով դեպի խաղաղություն» խորագրով։
Ստեփանակերտում կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ «Արվեստով դեպի խաղաղություն» խորագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` գեղարվեստական-երաժշտական երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով, շնորհակալություն հայտնելով ներկաներին, կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը։
«Շատ դժվար է եղածի հետ համակերպվելն ու ունեցածից հետո սովորական ռեժիմով աշխատանքը շարունակելը, բայց պետք է ուժ գտնել՝ հաղթահարելու համար սթրեսային վիճակն ու անցնել խաղաղ աշխատանքի։ Մշակույթն այդ հնարավորությունը տալիս է»,-նշեց Ե.Դադայանը։
Միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահ զորակազմի փոխգնդապետ Իգոր Յակուշևը, ով նաև երաժիշտ է, իր խոսքում նշեց, որ կարճատև համագործակցության ընթացքում հասցրել է ականատեսը լինել Արցախի մշակութային ակտիվությանը։
«Անկեղծ ասած, ինձ զարմացրել է տեղի երաժիշտների, մանկավարժների և սովորողների երաժշտական կրթական մակարդակը»,- նշեց Ի. Յակուշևը:
Միջոցառմանը մասնակցում էին Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության տան, Արցախի պետական երգչախմբի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաներն ու նրանց ուսուցիչները: