Միսուրիի և ԱՄՆ 11 այլ նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել ընդդեմ նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի՝ հանրային առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելու մասին հրամանագրի ստորագրման առնչությամբ:
ԱՄՆ 12 նահանգ դատական հայց է ներկայացրել Բայդենի դեմ. Fox News
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը, նշելով՝ հայցվորներն այն կարծիքին են, որ դաշնային կարգավորիչների լիազորությունների ընդլայնումը կարող է լուրջ տնտեսական վնաս պատճառել:
Նշվում է՝ Արկանզասի, Արիզոնայի, Ինդիանայի, Կանզասի, Մոնտանայի, Նեբրասկայի, Օհայոյի, Օկլահոմայի, Հարավային Կարոլինայի, Թենեսիի և Յուտայի իշխանությունները միացել են Միսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիդտի ներկայացրած դատական հայցին:
Հայցում, մասնավորապես, ասվում է, որ, համաձայն հրամանագրի տեքստի, դաշնային իշխանությունները կարող են հաստատել ջերմոցային գազերի սոցիալական ծախսերի թվերը, որոնք այնուհետև հիմք կդառնան դաշնային կարգավորիչների կողմից նոր դրույթների փոփոխման և ներդրման համար, ինչը երկրի շարքային բնակիչների համար կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական բեռի: Հայցվորների կարծիքով, հրամանագիրը խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Բայդենի աշխատանքային խմբի գնահատականների համաձայն, այդպիսի հանրային ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 9,5 տրիլիոն դոլար, որը, հայցվորների կարծիքով, «կօգտագործվի դաշնային կարգավորիչների իշխանության ընդլայնման համար և նրանք հնարավորություն կունենան ներխուժել ամերիկացիների կյանքի տարբեր ոլորտներ՝ սառնարաններից մինչև տներ, սննդից մինչև էլեկտրաէներգիայի վճարներ»:
Հիշեցնենք՝ Բայդենն իր պաշտոնավարման առաջին օրը հրամանագիր էր ստորագրել երկիրը վերադարձնելու Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, որը նախատեսում է ջերմոցային գազերի էական կրճատում: 2018-ին Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ Սպիտակ տան ղեկավարն էր, որոշել էր դուրս գալ համաձայնագրից, քանի որ նրա կարծիքով, «համաձայնագիրը դանդաղեցնում էր ամերիկյան տնտեսության զարգացումը»: