Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի կողմից օրերս Ասկերանի շրջանի Հիլլիս գյուղի 5 կարիքավոր ընտանիքների տրամադրվել է օգնություն:
Հիլլիս գյուղի կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է օգնություն. գյուղն ունի վերաբնակիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հիլլիս համայնքի ղեկավար Արթուր Ղուլյանը՝ նշելով, որ 5 ընտանիքներից մեկը բազմազավակ է, իսկ մյուս 4-ը՝ վերաբնակիչներ են:
Համայնքապետը տեղեկացրել է, որ համայնքում ապրում է 16 վերաբնակիչ:
«Այս պահին վերանորոգվում է 3 բնակարան. դրանք նույնպես տրամադրվելու են վերաբնակիչներին: Գյուղում վերաբնակություն են հաստատել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի շրջանների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչներ»,-ավելացրել է Ա. Ղուլյանը՝ ավելացնելով, որ ԿԽՄԿ-ի կողմից բնակիչներին պարբերաբար օգնություններ են տրամադրվում։
Խոսելով նրանց զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ հիմնական ուղղությունները գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են: Այս տարի իրականացվել է 92 հա ցորենի և 2 հա գարու ցանքս: Գյուղում գործում է չորսամյա դպրոց, մանկապարտեզ. ճանապարհները բարեկարգ են։ Առաջնահերթ խնդիրը համարվում է փողոցային լուսավորությունը: