Artsakhpress

Քաղաքական

Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել. Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը բացման խոսքով է հանդես եկել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին:

Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել. Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել. Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթը.
«Պարոն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,
Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը:
Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել Գերմանիային, քանի որ այն ավարտում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի Եռյակում իր գործունեությունը, շնորհավորել ֆորումի նախկին նախագահող ԱՄՆ-ին՝ վերջին եռամսյակում Ֆորումի հաջող ղեկավարման համար, ինչպես նաև ողջունել Ավստրիային՝ Եռյակի նոր անդամի կարգավիճակում:
17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնում է Ֆորումի նախագահությունը: Այն ժամանակ ԱՀՖ կանխարգելիչ միջոցառումները, որոնք ուղղված էին զինված հակամարտությունների վտանգի և նման հակամարտությունների սպառնալիքի նվազեցմանը, մեր նախագահության օրակարգի առանցքում էին:
Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից:
Առաջին, Եվրոպայի անվտանգության քարտեզը մշտապես ընդգրկել է ավելի լայն աշխարհագրություն, քան ինքնին Եվրոպան, և այս տրամաբանությունն է ներդրված ԵԱՀԿ-ում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Եվրոպական անվտանգության աշխարհագրական սահմանները հաստատելուց 46 տարի անց մենք պետք է ընդունենք, որ դրա ներկայիս քարտեզը ոչ ամբողջությամբ է արտացոլում ներկա իրողությունները: Եվրոպական անվտանգության նոր սպառնալիքները գալիս են հիմնականում հարավից՝ միջերկրածովյան և մերձվորաևելյան տարածաշրջաններից: Այս սպառնալիքները, հատկապես՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների իրողությունը, մեր կազմակերպության տեսադաշտում են եղել դեռևս 2014 թվականից: Այնուամենայնիվ, շատ քիչ բան է արվել անվտանգության այս սպառնալիքներին դիմակայելու արդյունավետ կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում՝ 2020թ. ունեցանք ԵԱՀԿ տարածքում Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների զանգվածային օգտագործման առաջին դեպքը՝ մեր կազմակերպության լիակատար անգործության պայմաններում:
Եվրոպական անվտանգության անբաժանելությունը պահպանելու անկարողությունն արտացոլվել է նաև դրա քարտեզագրման մեջ: ԵԱՀԿ տարածքը կարծես մասնատված է եվրոպական անվտանգության կենտրոնի և ծայրամասի: Այս երևույթն ակներև է ԵԱՀԿ տարածքում տարաբնույթ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ ուշադրության մեջ:
Երկրորդ, անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ մեխանիզմները կասկածի տակ են դրվել սպառազինությունների վերահսկման էական ռեժիմների և վստահության ու անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով: Եվ այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ նրանց, ովքեր պաշտոնապես շարունակում են մնալ այդ ռեժիմներում և խարխլել դրանց վստահելիությունը՝ տարիներ շարունակ համակարգված, դիտավորյալ և զանգվածային խախտումներ կատարելով: Արդյունքում՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է, ինչը հնարավորություն է տվել որոշ մասնակից պետություններին ստեղծել պատերազմելու կարողություններ:
Երրորդ, բազմակողմանիության գլոբալ անկումն ու քայքայումը, որը չի շրջանցել նաև ԵԱՀԿ-ն, այստեղ արտացոլվում է վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի կիրառման հստակ բացթողումներով:
Եվ վերջինը, բայց ոչ նվազ կարևորը` Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը՝ լինի դա խորհրդաժողովի, թե կազմակերպության շրջանակներում, եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը:
Հելսինկյան եզրափակիչ ակտը բացահայտեց մասնակից պետությունների՝ պատերազմի ռիսկերը նվազեցնելու նպատակով համագործակցելու և ներառական երկխոսության մեջ ներգրավվելու վճռականությունը, այդ թվում` վեճերի խաղաղ լուծման համար փոխհամաձայնեցված լուծումներ փնտրելու եղանակով, նույնիսկ լուծման հասնելու ձախողման պարագայում:
Դա 46 տարի առաջ էր: Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր:
Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները:
Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը:
Ակնհայտորեն՝ մեր կազմակերպությունն այսօր չի համապատասխանում Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված պահանջներին: Այն ձախողեց՝ մասնավորապես, գործադիր կառույցների աշխատանքի միջոցով կանխարգելման, վաղ միջոցառումների ձեռնարկման կամ հակամարտություններին արձագանքման հարցերում: Հակամարտությունների հասցեագրման առաքելությունների հաջողումն ավելի հաճախ բացառություն է, քան կանոն, և մենք կանգնած ենք ԵԱՀԿ-ն՝ միայն մեկ հակամարտության կարգավորման մեխանիզմի վերածելու վտանգի առջև:
Մի իրավիճակում, երբ ԵԱՀԿ հանձնառությունների մեծ մասը, մասնավորապես՝ նրանք, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հարթությանը, չեն կիրարկվում, մենք պետք է վերագնահատենք գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին՝ օժանդակելու մասնակից պետություններին այդ հանձնառությունների իրագործման գործում:
ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի մեր առաջին գերակայությունը: Մեր կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք երկխոսության ոգով, որը գերակշռում էր Հելսինկիում և որը հանգեցրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի ստեղծմանը:
ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը: Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով: Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի նախագահությունը կմեկնարկի միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության վերաբերյալ Անվտանգության երկխոսությամբ, որը հնարավորություն կտա մասնակից պետություններին վերահաստատել իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին՝ ամրագրված ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոներում:
Մենք հավատում ենք, որ ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, պետք է վճռական լինի իր սկզբունքները պաշտպանելու և ահաբեկչության՝ մասնավորապես, օտարերկրյա զինյալ ահաբեկիչների երևույթի դեմ պայքարի հարցերում: Դա պահանջում է համախմբված և համապարփակ ջանքեր ու միջհարթային մոտեցում՝ հաշվի առնելով տվյալ սպառնալիքի բնույթը: ԵԱՀԿ դերը ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում և առկա հանձնառությունների կատարման գործում կլինի Անվտանգության համագործակցության ֆորում- Մշտական խորհուրդ համատեղ հանդիպման առանցքում:
Սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրները մշտապես եղել են ԵԱՀԿ գործունեության կենտրոնում, քանի որ դրանք առանցքային են անվտանգության և կայունության ապահովման գործում: 1990-ական թթ. սկզբից ի վեր ԵԱՀԿ-ն, չսահմանափակվելով Հելսինկյան եզրափակիչ ակտով ներդրված վստահության ամրապնդման միջոցների համեստ շարքով, մշակել է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմ, որը համարվում է եվրոպական անվտանգության անկյունաքարը: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին» Վիեննայի փաստաթուղթը, «Բաց երկնքի մասին» պայմանագիրը և վստահության ու նորմերի սահմանման մյուս միջոցառումները տարիներ շարունակ ապացուցել են իրենց արդյունավետությունը ռազմական թափանցիկության և կանխատեսելիության բարձրացման գործում: Սակայն, միանշանակորեն պարզ է, որ այսօր մենք այս ոլորտում ճգնաժամ ենք ապրում, քանի որ բազմաթիվ մասնակից պետություններ կարծում են, որ այդ ռեժիմներն այլևս չեն ծառայում իրենց շահերին:
Այսպիսով, մենք պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի:
Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՀՖ հայաստանյան նախագահությունը նախաձեռնելու է մի շարք Անվտանգության երկխոսություններ` նվիրված սպառազինությունների վերահսկմանը և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցներին, նոր սերնդի պատերազմներին, զորավարժություններին, փոքր սպառազինություններին և թեթև զենքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին՝ հնարավորություն ընձեռնելով մասնակից պետություններին՝ քննարկումներ ծավալել այդ միջոցառումների ապագայի և եվրոպական անվտանգության ամրապնդման գործում դրանց դերի ու արդիականության մասին:
Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: ԵԱՀԿ և ՀԱՊԿ գործունեության համանման ոլորտներն ամուր հիմք են ստեղծում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության համար: Հայաստանի նախագահության ընթացքում տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների վերաբերյալ կազմակերպվող Անվտանգության երկխոսությունը նպատակ է հետապնդում քննարկել տարածաշրջանային անվտանգության բարձրացման և անվտանգության ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների հասցեագրման գործում ՀԱՊԿ-ի դերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները՝ ուղղված ընդհանուր և անբաժանելի եվրատլանտյան ու եվրասիական անվտանգության համայնքին։
Հարգարժան գործընկերներ,
Խաղաղությունը կայուն չէ առանց մարդու իրավունքների, այդ թվում` կանանց իրավունքների պաշտպանության և խթանման: «Կանայք, խաղաղությունը և անվտանգություն»-ը մեր առաջնահերթություններից է և կլինի ԱՀՖ-ում Հայաստանի նախագահության օրակարգում: Հայաստանը հաստատակամ է, որ կանայք առանցքային դերակատարություն ունեն «հակամարտության ցիկլի» բոլոր փուլերում, և խաղաղությունն ավելի կայուն է կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցության դեպքում:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ գոհունակություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանն՝ իր առաջնորդության և նվիրվածության համար: Հայաստանը կշարունակի համագործակցել ԵԱՀԿ նախագահության, ինչպես նաև Եռյակի անդամների հետ և պատրաստ է աշխատել բոլոր այն մասնակից պետությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել ընդհանուր սկզբունքների և պարտավորությունների նկատմամբ հարգանքը վերականգնելուն ուղղված մեր ջանքերին:
Շնորհակալություն»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search