Հայ ժողովրդի պատմությունը կրկնվում է, և այնպես է ստացվել, որ արդարությունը ոտնահարվում է:
Եթե Բայդենը արտաբերի «ցեղասպանություն » եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զանգակատուն» հուշակոթողին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ որպեսզի այլևս երբեք ցեղասպանություն չլինի, հայ ժողովուրդը պիտի լինի սթափ, հայրենասեր , պրոֆեսիոնալ, լի ոհավատքով:
«Թուրքիան չի ճանաչել և կամավոր չի էլ ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Եթե Բայդենը արտաբերի "ցեղասպանություն " եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ և քաղաքական մեսիջներ կպարունակի: Մենք պետք է իրատես լինենք: Որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի, պետք է նաև տարբեր եզրույթներ օգտագործվեն: Շատ ավելի կարևոր է հայրենասեր լինելը, ազնվությունը, արդար աշխատանքը: Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ: Չճանաչելով եղեռնը նոր ցեղասպանություններ տեղի ունեցան եզդիների, ասորիների, քրդերի, հույների, սլավոնների և այլ ազգերի հետ. այն շարունակվում է և այսօր»,- ավելացրել է Դ. Բաբայանը: