Արցախում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք դադարեցրել էին գործունեությունը, աստիճանաբար վերսկսում են այն, և այդ միտումը շարունակվելու դեպքում, կանխատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում և նույնիսկ ծրագրված ցուցանիշի գերազանցում:
Արցախի պետնախարարը չի բացառում, որ պետբյուջեի ցուցանիշները կգերազանցեն ծրագրվածից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական նախարար, ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Արցախի Հանրապետությունում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականին կազմել է 270 միլիարդ 900 միլիոն դրամ` հանգեցնելով 22,4 տոկոս անկման:
«Ըստ կանխատեսումների` համախառն ներքին արդյունքը 2021 թվականին կկազմի 206 միլիարդ 500 միլիոն դրամ` հանգեցնելով շուրջ 25,3 տոկոս տնտեսական անկման:
Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքներն ու օրենսդրական փոփոխությունները՝ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտները և պետական տուրքերը նախատեսվել են 17 միլիարդ դրամի չափով, ինչը կազմում է նախորդ տարվա փաստացի մուտքերի 35,6 տոկոսը:Գործարարների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ` մեծաքանակ արտոնությունների սահմանմամբ, որի հետևանքով 2021 թվականին ակնկալվում է 8,1 մլրդ դրամի պակաս մուտքեր` նախորդ տարվա համեմատ»,-մանրամասնեց պետնախարարը՝ նշելով, որ պատերազմական գործողությունների, ինչպես նաև դրանց հետևանքով պայմանավորված՝ բիզնեսը մեծ կորուստներ կրել է, ինչը բացասաբար է անդրադառնում վճարվելիք հարկերի չափի վրա:
Պետական բյուջեի եկամուտների նվազեցումը պայմանավորված է նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում նախկինում գործունեություն ծավալող տնտեսվարողների գործունեության դադարեցմամբ: Անդրադառնալով տնտեսության ու արտադրական հնարավորությունների վերականգնման հարցին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ հնարավորություններ առկա են, սակայն քիչ են, քանի որ կորստի չափերը բավականին մեծ են: «Նախապատերազմյան Արցախը էլեկտրաէներգիայի արտադրության տեսակետից ինքնաբավ էր: Գործող 32 ՀԷԿ-երի մեծ մասը մնացել է բռնազավթված տարածքներում:
Այդ տարածքներում են մնացել նաև մետաղական և ոչ մետաղական հանքերի, մշակող արդյունաբերական հզորությունների մի մասը: Կաշենի հանքավայրը դեռևս աշխատում է շատ փոքր արտադրական հզորությամբ :
Կորցրել ենք վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտների 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Մեծ կորուստներ ենք ունեցել նաև անասնապահության ոլորտում. անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով»,-ասաց Արցախի Հանրապետության պետնախարարը՝հավելելով, որ ներկայում հրամայականն է փոքրածավալ արտադրական հզորությունները զարգացնելն ու աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովելով որակական բարձր մակարդակ։ Ըստ Մարտիրոսյանի՝ այդ ամենը պահանջում է մեծածավալ ներդրումներ, իսկ կառավարության քայլերը՝ այսուհետ առավել ևս, ուղղված կլինեն ներդրումային դաշտի բարելավման միջոցառումների իրականացմանը: