Արցախում 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար շահութահարկի, եկամտային հարկի, առևտրի հարկի դրույքաչափերի նվազեցում, ինչպես նաև՝ տվյալ հարկատեսակներից ազատման ժամկետային արտոնություն է սահմանվել:
Արցախի Հանրապետության պետնախարարը ներկայացրել է գործարար միջավայրի աջակցության ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար, ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ներդրումային հնարավորություններին ու գործարար հատվածի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
«Յուրաքանչյուր տնտեսական համակարգի տնտեսական կայուն աճի և երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմքում կատարվող ներդրումներն են: Ներկա պայմաններում առավել ակնհայտ է Արցախի տնտեսությունում մեծածավալ ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն, որ հետպատերազմյան շրջանում մեր երկրի գործարար միջավայրի ներդրումային հնարավորությունների ապահովման տեսակետից առավել պահանջված է հարկային դաշտի բարելավումը, իշխանությունները ձեռնարկեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ` ուղղված հարկերի դրույքաչափերի նվազեցմամբ հարկային բեռի թեթևացմանն ու վերաբաշխմանը, ինչպես նաև մի շարք հարկային արտոնությունների սահմանմանը»,-նշեց պետնախարարը:
Նրա խոսքով՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանվել է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն՝ Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների օտարման և այլ գործարքների մասով:
Բացի այդ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսն ուղղվելու է նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի (փոխառությունների) և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը` երեք տարի ժամկետով՝ բացառությամբ վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց։ Մեկ այլ ծրագրի շրջանակում, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի բիզնես վարկերի գծով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսագումարները, բայց ոչ ավելի քան 15 մլն դրամը, հատուցվելու են պետության կողմից:
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հաղորդմամբ՝ պետության կողմից կատարվելու են նաև գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ 3 մլն դրամը չգերազանցող վարկերի կամ փոխառությունների մասով ձևավորված պարտավորությունները` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով սահմանված կարգով: