Այսօր՝ մայիսի 3-ին, «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Նոր Նորքի 2֊րդ զանգվածի Վերածննդի այգում հադրութցիները «Նախշուն Հադրութը» ծրագրի շրջանակներում ծառատունկ են կազմակերպել:
Հադրութցիները Երևանում ծառատունկ են կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ տնօրեն Մերի Դավթյանը՝ նշելով, որ «Նախշուն Հադրութը» հանրահռչակում է Հադրութի մշակույթը, ավանդույթները, արհեստները։
Նրա խոսքով՝ Հադրութը նախշուն բնություն ունի նաև լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով էլ ավելի շքեղացնելու այն։
«Չինարին Հադրութում տարածված ծառատեսակներից է, այն նաև խորհրդանիշն է շրջկենտրոնի։ Մայր Հայաստանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին։ Նման աստվածահաճո գործով տարհանված հադրութցիները խորհրդանշական ձևով իրենց երախտագիտությունը հայտնեցին Երևանին՝ արցախյան երրորդ պատերազմի օրերին աջակցելու և ապաստան տալու համար»,- մասնավորապես ասել է Մ. Դավթյանը։ Մեր զրուցակիցը կազմակերպության անունից շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանին՝ ծառատունկն արհեստավարժորեն կազմակերպելուն մեծապես նպաստելու համար։