Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ին ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ:
Ադրբեջանը մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու՝ 15 հազար մարդուժի մասնակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես փոխանցել են երկրի պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին կմասնակցեն առավելագույնը 15 000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային կայանք, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր և հակատանկային զենքեր, մինչև 50 տարբեր նպատակների ռազմական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միավորներ, փոխանցում է tert.am-ը:
Զորավարժությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հրամանատարությունը և վերահսկողությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը և վերախմբավորումը՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերած մարտական փորձը, այդ թվում՝ մարտական համակարգումը և փոխգործակցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:
Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մայիսի 20-ը, զորքերը միաժամանակ կիրականացնեն անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու և ահաբեկիչներին չեզոքացնելու հակահարվածային գործողություններ: