Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները պատերազմից հետո կրկին գյուղ են վերադարձել՝ հայրենի հողում ապրելու և արարելու։
Բերդաշենը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունելու. գյուղի առօրյայի մասին պատմում է համայնքապետի տեղակալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդաշենի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գյուղն ունի 27 վերաբնակիչ, ովքեր մինչև պատերազմն ապրում էին Շուշիում և Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում: Համայնքն ունի ավելի քան 50 ազատ տուն, և եթե նոր վերաբնակիչներ լինեն, բերդաշենցիները սիրով կընդունեն:
Անդրադառնալով գյուղի առօրյային՝ մեր զրուցակիցը պատմել է. «Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Այս տարի կատարել ենք 1415, 4 հա աշնանացան, որից 543,3 հա ցորեն, 872,1 հա գարի: Գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր. պետական ծրագրով այս պահին ընթացքի մեջ են արտեզյան 4 ջրհորների հորատման աշխատանքները: Գյուղում կա 971 խոշոր եղջերավոր անասուն, 536 խոզ, 370 մանր եղջերավոր և 5886 թև թռչուն։ Պատերազմի հետևանքով 52 գլուխ խոշոր եղջերավոր և 70 մանր եղջերավոր անասուններ անցել են թշնամուն: Գյուղի վարելահողերի 40 հա ևս»:
Ըստ Կ. Հարությունյանի՝ գյուղի դպրոցում սովորում է 188 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում 66 երեխա:
Բերդաշենի ակումբը և համայնքապետարանը գտնվում են վթարային վիճակում: ԱՀ պետբյուջեի միջոցներով կառուցվում է բուժկետ: Բերդաշենի գյուղամիջյան ճանապարհները վերանորոգվել էր մինչև պատերազմը. վերջին շրջանում սելավների հետևանքով նորից խնդիրներ են առաջացել:
Խոսելով համայնքի խնդիրների մասին՝ Կ. Հարությունյանը նշել է, որ առաջնահերթ է համարում՝ ջրի հարցը, քանի որ մանավանդ ամառային շրջանում այն լուրջ խնդիրներ է առաջացնում: