Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը

Թուրքիայի նախագահի՝ հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։
Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին« և հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ում, որի համաձայն՝ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունն այս պարագայում հիշատակման համար արժանի է համարում այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։
Նաև հատկանշական է համարվել, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ  համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։
«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը»,- ընդգծում են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Տարածաշրջանը եռում է, և աշխարհաքաղաքական գլխավոր ուժերը ներգրավվել են այնտեղ

Search