Այսօր՝ հունիսի 19-ին, Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ վետերանների միջև սեղանի թենիսի առաջնությունը:
Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ վետերանների միջև սեղանի թենիսի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը անց է կացվել 40 և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց միջև:
«Սեղանի թենիսի առաջնության նպատակն է այդ մարզաձևի մասսայականացումը, զարգացումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով վետերան մարզիկների առողջության պահպանումը: Մրցումները կանցկացվեն ենթախմբերով՝ շրջանաձև եղանակով, հինգ խաղափուլով: Առաջնությանը մասնակցում են նաև ռուս խաղաղապահները: Նմանատիպ հանդիպումները էլ ավելի են ամրապնդում մեր երկրների միջև բարեկամությունը» ,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ սեղանի թենիսի Ֆեդերացիայի նախագահ՝ Գ. Առաքելյանը:
Վետերան Ահարոն Դադայանը, ով 68 տարեկան է, երկար տարիներ է, ինչ մասնակցում է թենիսի առաջնություններին, և կարևորում է այդ տարիքում սպորտով զբաղվելը: «Այսպիսի մրցույթներ պարբերաբար են կազմակերպվում , և դա հրաշալի է, որովհետև մեզ գնահատում են և չեն թողնում, որ ծերանանք: Ես ինձ այս տարիքում զգում եմ երջանիկ և առողջ, քանի որ զբաղվում եմ սպորտով»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Դադայանը:
Գեորգի Սահակյանը, ով արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է թենիսի առաջնությանը, հորդորում է բոլորին զբաղվել այս սպորտաձևով: «Թենիսը ադրենալին է տալիս խաղացողին և, ամենակարևորը, առողջություն: Ով սիրում է սպորտը, թող անպայման մասնակցի այսպիսի առաջնությունների»,-մեզ հետ զրույցում նշել է Գ. Սահակյանը:
«Հունիսի 20-ին տեղի կունենա թենիսի առաջնության փակման արարողությունը: Առաջինից երրորդ տեղերը գրաված մարզիկները կպարգևատրվեն համապատասխան դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ 1-ին տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն նաև գավաթներով»,- հավելել է Գ. Առաքելյանը: