«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավատարիմ նվիրատուներից ամերիկաբնակ Լևոն Քիրաջյանն այցելել է Արցախ:
Չօգնել Արցախին, կնշանակի լքել մարտական դիրքը. Հիմնադրամի հավատարիմ նվիրատուն Արցախում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ նա առանց դադարի ամեն ամիս իր լուման է ներդնում Հայաստանի ու Արցախի բարգավաճման գործում:
«Երբ սկսվեց 1990-ական թթ. պատերազմը, աշխարհի հայերը պարտավոր էին ինչ-որ չափով օգնություն տրամադրել Արցախին, և հենց այդ ժամանակ էլ սկսեցի ցուցաբերել իմ աջակցությունը՝ գումարի տեսքով, և մինչ օրս էլ շարունակում եմ այդ գործունեությունը: Ես ամեն ամիս 420 դոլլար վճարում եմ, որպեսզի կարողանամ իմ ներդրումն ունենալ հայրենիքի շենացման կարևոր գործում: Չօգնել Արցախին, կնշանակի լքել մարտական դիրքը»,- մեզ հետ զրույցում նշել է Լ. Քիրաջյանը՝ տեղեկացնելով, որ մինչ գալը վճարել է հուլիս ամսվա գումարը, որպեսզի հանգիստ այցելի Արցախ:
Մեր զրուցակիցն իր կյանքի կարևոր դրվագներից է համարում Արցախ կատարած այցելությունները, առանց որոնց նա չի կարող ապրել խաղաղ հոգով: «Արցախ այցելում եմ կարոտս առնելու համար: Նախորդ այցելություններիս ժամանակ լինում էի դիրքերում՝ զինվորներին իմ օգնությունը ցուցաբերելու: Հետևում էի տարբեր շինաշխատանքների ընթացքին, քննարկում էինք առաջիկայում իրագործվելիք ծրագրերը»,- ընդգծել է բարերարը: Զրույցի վերջում նվիրյալ հայը Արցախի սրտից կոչ ուղղեց համայն հայությանը՝ այս դժվար ժամանակաշրջանում ամեն մեկը իր ուժերը ներածին չափով կանգնի Արցախի կողքին,և հավատացրեց, որ այդ դեպքում «ամեն բան լավ է լինելու»։