Artsakhpress

Տնտեսական

Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:
Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:
Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:
Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:
Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:
Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:
Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. նախարար

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search