Մինչ այսօր ընդունված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվելու դիմումների ընդհանուր թիվը գերազանցում է 46 000-ը:
Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը:
«Գործընթացը մեկնարկել է սույն թվականի մայիսի 1-ից: Դիմումների առցանց ընդունման վերջնակաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: Մինչ օրս քաղաքացիները ներկայացրել են 46000 –ից ավելի դիմում, որից մոտ 7000-ը եղել է սխալ լրացված, 1400 դիմում էլ մերժվել է դիմումատուի կամ ամուսնու՝ զորահավաքային զորակոչով չներկայանալու հիմքով, իսկ 1 դիմում մերժվել է դիմումատիուի դիմումի համաձայն»,- նշել է Մ. Մխիթարյանը, և ընդգծել, որ յուրաքանչյուր շահառու պետք է լրացնի միայն մեկ դիմում՝ անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:
Ծրագրով շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:
Ծրագրի շրջանակներում աջակցության տրման գործընթացը սկսվել է հուլիսի 14-ից և ընթացքավորվել է 1869 դիմում:
«Բանկերին և ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան երաշխավորագրեր գումարների գանձման համար: Ընդհանուր 1869 դիմումները ընթացքավորվել են 4228 վարկային պայմանագրի մասով»,- հավելել է Մ.Մխիթարյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ օգոստոսի 1-ից փակվելու է միայն դիմումների օնլայն հարթակը, և ցանկացած քաղաքացի, ով չի հասցրել դիմում ներկայացնել, կարող է անձամբ գրավոր դիմում ներկայացնել Ներդրումային հիմնադրամ: Ըստ ստացված տեղեկատվության՝ աջակցությունը իրականացվում է երկու փուլով:
«Առաջին փուլում իրականացվելու է վարկի մնացորդի մարման գործընթացը, որը, ըստ կառավարության որոշման, պետք է իրականացվի մինչև 2023 թ. հոկտեմբերի 1-ը, իսկ երկրորդ փուլում իրականացվելու է վճարված գումարների վերադարձման գործընթացը, որը նախատեսվում է իրականացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո քաղաքացիների կողմից վճարված գումարների վերադարձ դեռևս չի իրականացվել, միայն կատարվել են վարկային պարտավորությունների մնացորդների մարումներ: Հնարավոր է՝ եկող շաբաթների ընթացքում կատարենք վճարված գումարների վերադարձման գործընթացը»,- հավաստիացրել է մեր զրուցակիցը: