Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ Սերգեյ Օհանյանը իր ընտանիքի անդամների հետ արդեն 5-րդ տարին է, ինչ զբաղվում է չրի արտադրությամբ:
Արցախցին ամուր կառչած է հողին. Խնուշինակի բնակիչը տան բակում արտադրություն է սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սերգեյ Օհանյանը գյուղից հեռանալու ցանկություն երբեք չի ունեցել ու չունի։ Նա որդիների՝ Վարուժանի ու Մերուժանի հետ մտադիր է շարունակել ու զարգացնել սկսածը:
«Չիր պատրաստելը որդիներիս գաղափարն է։ Սկզբում քիչ էինք արտադրում, հետո տարեցտարի պահանջարկը մեծանում էր, և մենք ավելացրեցինք արտադրանքի քանակը:
Մեր 1.5 հա սեփական հողատարածքում 2011թ.սեփական միջոցներով այգի հիմնեցինք։ Այգում 180 սալորի ծառ կա, որից 120֊ը՝ նորատունկ: 500 հատ կեռասի ծառ ունենք, խնձորենիները քիչ են։ Ունենք նաև մոտ 1000 ընկուզենի, 30 պնդուկի թուփ:
Տան բակում մրգի չորացման համար հատուկ հարմարանք ենք տեղադրել։ Չորացվում է բաց տարածքում, արևի ջերմությամբ. արտադրում ենք էկոլոգիապես մաքուր և օգտակար մթերք: Այս տարին բերքառատ էր։ Մեկ չորանոց ենք ձեռք բերել, որտեղ կկարողանանք անբարենպաստ եղանակներին չորացնել բերքը:
Վաճառում ենք Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում, շրջանի համայնքներում: Նպատակ ունենք չիրն արտահանել Արցախից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը և հավելեց, որ կարիք ունեն հատուկ սառնարանի, որպեսզի ամբողջ բերքը չփչանա:
Լուսանկարները՝ «Ամարաս» պաշտոնաթերթի