Թշնամու հսկողության տակ գտնվող Հադրութից տեղահանված Արմինե Սարգսյանը որոշեց Երևանում սկսել էկո արտադրանք ստեղծելու գործը, որի միջոցով մարդկանց կծանոթացներ Հադրութի հետ:
Հադրութի բնակչուհու էկո արտադրանքը հիշեցնում է նրա ծննդավայրի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմինե Սարգսյանը և նշեց, որ իր բրենդի անունը հենց Hadrut Sweet Corner է:
«Առանց որևէ հավելումների մրգային ու բանջարեղենային չիփսեր պատրաստելու միտքն առաջացավ Երևանում՝ պատերազմից հետո: Այդպիսի մտահղացում Հադրութում երբեք չեմ ունեցել: Անգլերեն լեզվի ուսումնական կենտրոն ունեի, ուրիշ գործով զբաղվելու մասին չէի մտածում:
Մեր զրուցակցի խոսքով՝ ապրում է Հադրութ վերադառնալու հույսով , որը նրան ստիպում է աշխատել, արարել, կանգ չառնել, չհիասթափվել, չկոտրվել ու ապրել լավատեսությամբ, ժպիտով ու ապագայի հանդեպ մեծ ակնկալիքով: «Արցախը ինձ համար առաջին հերթին Հադրութն է՝ Հադրութը մեր հայրենիքի ադամանդե ակն է։ Առանց Հադրութի և Շուշիի չեմ պատկերացնում ուժեղ ու կայուն Արցախ: Արցախցին ուժեղ է, կամքով լեցուն, որտեղ էլ լինի չի դադարի իր հողը սիրել, պաշտել ու շարունակել ապրել՝ իր երկիրը կրկին միասնական ու ամբողջական տեսնելու հույսով», - հավելեց Արմինե Սարգսյանը: