ԱՀ Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր համայնքն ունի 226 բնակիչ. պատերազմից հետո գյուղից ոչ ոք չի հեռացել։
Առաջնահերթ ենք համարում ճանապարհների բարեկարգման և ջրամատակարարման հարցերը. Պողոսագոմերի համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոսագոմերի համայնքապետ Արտակ Առուստամյանը:
«Համայնքում վերաբնակեցվել է 4 ընտանիք. ևս 14 ընտանիքի կարող ենք ընդունել։ Դպրոցն ունի 36 աշակերտ։ Վերաբացվել է անցած տարվա դեկտեմբեր ամսից. շենքը վթարային է:
Մանկապարտեզ չունենք, սակայն գյուղում մանկապարտեզի ենթակա 19 երեխա կա: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը ևս վթարային վիճակում են: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Տարվա գրեթե բոլոր եղանակներին ունենում ենք ջրի խնդիր:
Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Գազաֆիկացումը համարում ենք կարևոր խնդիր, որը պետք է լուծում ստանա, սակայն առաջնահերթ ենք համարում ճանապարհների բարեկարգման և ջրամատակարարման հարցերը»,- նշեց Ա. Առուստամյանը ։
Նա տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում համագյուղացիների շրջանում զոհեր և վիրավորներ չեն եղել: Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ: