Artsakhpress

Հարցազրույց

«18-20 տարեկան տղաները պատրաստ չէին տեսնել այն, ինչ տեսան». հոգեբան

«Արդեն հոկտեմբերի 3-ից Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում էինք: Պայթյուններ էին հենց մեր կողքին: Ողջ մնալու ոչ մի շանս, թվում էր, չկար: Սարսափելի էր: Զինվորներին ինչ-որ կերպ պետք էր ոգևորել: Ասում էի` չընկճվեք, կտեսնեք` մենք դեռ Հյուսիսային պողոտայում սուրճ ենք խմելու: Այդպես էլ եղավ: Ողջ մնացինք ու այսօր միմյանց հետ հանդիպելիս պայմանավորվում ենք հենց Հյուսիսային պողոտայում»,- պատմում է Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Այգ» հոգեբանական ծառայության հոգեբան, հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան, Փարիզի հոգեվերլուծության ինստիտուտի թեկնածու Արթուր Տոնոյանը:

«18-20 տարեկան տղաները պատրաստ չէին տեսնել այն, ինչ տեսան». հոգեբան

«18-20 տարեկան տղաները պատրաստ չէին տեսնել այն, ինչ տեսան». հոգեբան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այսօր էլ աշխատում է պատերազմից վերադարձած զինվորների, նրանց հարազատների հետ:

- Դատախազության հայտարարության համաձայն՝ պատերազմից հետո ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու որոշ դեպքեր ուղղակի առնչություն ունեն պատերազմի հետևանքով անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:
- Այդպես է: Պատերազմի ամենածանր շրջանը սկսվում է պատերազմից հետո: Այդ ժամանակ ի հայտ են գալիս նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Ինքնասպանությունները՝ կապված պատերազմի հետ, հաճախ հանդիպող երևույթներ են: 18-ից 20 տարեկան տղաները պատրաստ չէին տեսնել այն, ինչ տեսան: Դա մի բան էր, որ շատ էր իրենց հոգեկանի համար: Եվ հետագայում կրել այդ ծանր բեռը չափազանց մեծ վտանգներ է առաջացնում՝ ինքնասպանություններ, փսիխոսոմատիկ, հոգեկան, հոգեախտաբանական խնդիրներ, որոնք բերում են ռեակտիվ փսիխոզների, կոնտուզիաների, դրանց հետևանքով առաջացող օրգանական ծագման տարատեսակ խնդիրների, օրգանական զառանցանքների և ծանր հոգեբուժական հիվանդությունների:
- Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները հասկանալ, որ զինվորի հետ ինչ-որ բան այն չէ, որ պետք է անմիջապես դիմել հոգեբանի, հոգեբույժի:
- Ինքնասպանության մտադրություն ունեցող մարդկանց դեպքում փոխվում է վարքը: Սակայն նրանք անուղղակիորեն հասկացնում են իրենց մտադրությունը ինչ-որ կերպ. պետք է լսել նրանց հոգու ճիչը: Լինում են դեպքեր, երբ ծնողը նկատում է որևէ տարօրինակ քայլ, ահազանգում է հոգեբանին: Լինում է այնպես, որ զինվորները չեն ցանկանում դիմել մասնագիտական օգնության, հրաժարվում են գնալ հոգեբանի մոտ: Եվ նման դեպքերում մենք անում ենք այն, ինչը հակասում է մեր մասնագիտական սկզբունքներին՝ տնայցեր ենք կատարում, և եթե տեսնում ենք ճգնաժամային պահ է, միանգամից հոսպիտալացնում ենք: Ի վերջո, պատերազմին մասնակցած յուրաքանչյուրն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք:
- Հոգեբանները ծանրաբեռնված աշխատում են, դժվար է հասցնել ձեռք մեկնել բոլորին: Բոլորիս ուսերին է պայմանական հոգեբանի դերը՝ հասկանալու՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի անել:
-Նախևառաջ՝ չի կարելի խորհուրդներ տալ: Կարելի է առաջարկել դիմել մասնագետի, ուրիշ ոչինչ: Եղել են դեպքեր, երբ սխալ խորհրդի պատճառով ցավալի վիճակների առաջ են կանգնել մարդիկ: Հասարակության անելիքը գրագետ մոտեցումն է՝ ավելորդ հարցեր չտալ, չհետաքրքրվել՝ ինչ է եղել պատերազմում: Հարցեր տալով՝ նորից արթնացնում են, գրգռում են տրավման: Զինվորիների գրեթե 80 %-ը խուսափում է խոսել պատերազմից: Մարդիկ, բնական է, հետաքրքվում են, հարցուփորձ են անում, բայց այդ հետաքրքրությունն աղետալի վիճակի է բերում: Նման օրինակ ունեցանք վերջերս. զինվորին անընդհատ հարցրել էին՝ պատմիր, պատմիր, դրանից հետո ալկոհոլի մեծ ազդեցության տակ փորձել էր քայլեր անել, որոնք, բարեբախտաբար, կանխվել էին:
-Նույն հետաքրքրությունն ու հետաքրքրասիրությունը կա նաև գերությունից վերադարձած զինվորների հանդեպ. նրանց լուսանկարները հանրայնացվում են, գերության ընթացքի մասին հարցեր են տրվում:
- Կան բաներ, որ չպետք է հանրայնացվեն: Առհասարակ, ամբողջ պատերազմի ընթացքում արեցինք այն, ինչ չպետք է անեինք՝ սոցցանցերում տեղադրել տեսանյութեր, լուսանկարներ: Այն զինվորներին, որոնց հետ աշխատում եմ, խորհուրդ եմ տալիս՝ եթե ձեզ հարցեր են տալիս պատերազմի մասին, և ձեզ տհաճ է, կարող եք դուրս գալ սենյակից, չպատասխանել: Երբ զինվորները գալիս են հոգեբանի մոտ, մենք ոչ մի հարց չենք տալիս պատերազմի մասին. եթե ցանկություն կա, պատմում են, եթե ոչ` ոչ: Գերիների հետ աշխատելիս ևս ոչ մի հարց չէինք տալիս: Դեկտեմբերից աշխատում եմ գերիների հետ, և ոչ մի խոսք այդ շրջանի մասին: Եվ նոր-նոր մեկը, իր կամքով, սկսել է խոսել այդ երևույթների մասին: Մարդիկ իրենց հարցերով, հետաքրքրասիրությամբ վնասում են ուրիշի հոգեկան անդորրը: Դա խնդիր է նաև մասնագիտական դաշտում: Կան հոգեբաններ, որոնք շեշտադրում են պատերազմում ապրումները, նկարները, պատկերները: Ես խստիվ արգելում եմ զինվորներին նայել այն, ինչ կապված է պատերազմի հետ:
-Ձեր տպավորությամբ զինվորներն ուզու՞մ են վերադառնալ այդ օրեր, թե՞ ուզում են ազատվել այդ հիշողություններից:
-Ուզում են վերադառնալ, քանի որ կարիք ունեն. այնտեղ թողել են ընկերներին: Պատերազմից հետո շատ մեծ խնդիր է առաջանում՝ կապված ամոթի և մեղքի զգացողության հետ: Եվ դա է, որ շատ ժամանակ բերում է ինքնասպանության: Մասնագետներս շատ մեծ շեշտադրում ենք անում նմանատիպ զգացողությունների վրա: Կան զինվորներ, որոնք իրենց մեղավոր են համարում պարտության համար: Արդյո՞ք իրենք են մեղավոր: Պատերազմում կարող է լինել և պարտություն: Պարտությունն էլ է հաղթանակ, եթե ռեգրեսը պրոգրեսի խթան է դառնում:
Մի հետաքրքիր միտում կա` երբ սկսեցինք աշխատել զինվորների հետ, շատերը սկզբում ասում էին, որ ուզում են Հայաստանից գնալ, բայց հուլիսի սկզբում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 85 %-ից ավելին հրաժարվել է այդ մտքից: Մարդիկ միշտ մտածում են՝ գնալով կմոռանան, ավելի լավ կլինի, բայց ուր էլ գնանք, մեր հոգեբանական բագաժը մեզ հետ տանում ենք, որտեղ էլ լինենք՝ նույն ապրումներն ենք ունենալու, նույն երազներն ենք տեսնելու:

Զինվորներին խորհուրդ ենք տալիս վերադառնալ բնականոն կյանք՝ աշխատել, ընտանիք կազմել, ուսումը շարունակել:
-Հոգեկան, հոգեբանական խնդիրներից բացի՝ շատ են պատերազմից հաշմված, առողջական խնդիրներով վերադարձած զինվորները:
- Այս դեպքում հոգեբանների աշխատանքին զուգահեռ, անգամ մեր աշխատանքից առավել, կարևոր է պետության դերը: Պետությունը պետք է աշխատանք և սոցիալական պայմաններ ստեղծի հաշմանդամ զինվորների համար: Նրանք չպետք է ունենան զգացողություն, որ եթե չունեն մարմնի որևէ մաս, իրենք պիտանի չեն, աշխատանք չեն կարող գտնել: Տրանսպորտը, ճանապարհները, մի ամբողջ համակարգ պիտի հարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հոգեկան, սոցիալական և ֆիզիկական կոմպոնենտի դեպքում է մարդը լիարժեք առողջ:
- Զինվորների վարքը պատերազմից վերադառնալուց հետո երբեմն չափազանց կտրուկ է փոխվում: Ընտանիքի անդամների համար իրենց հարազատն անճանաչելի փոխված է: Նման դեպքերում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի հոգեբանական օգնության կարիք: Ի՞ նչ անել:
- Այդպես է: Եվ դրա վկայությունը նաև բաժանումների մեծ տոկոսն է: Պատերազմին մասնակցած մարդկանց համար կյանքն այլևս նույնը չէ: 44 օր կանգնած ես կյանքի ու մահվան առաջ, չգիտես՝ հաջորդ վայրկյանին քո հետ ինչ կարող է լինել: Երիտասարդ աղջիկներն իրենց ընկերներից, կանայք՝ իրենց ամուսիններից պահանջում են նույն ուշադրությունը, ինչ պատերազմից առաջ էր: Բայց դա արդեն հնարավոր չէ: Հետտրավմատիկ, սթրեսային խանգարումների վերականգնումը երկար ժամանակ, անգամ տարիներ է պահանջում: Ինքնասպանության փորձերն էլ այդ հողի վրա են հաճախ: Ընտանիքի անդամները կարիք ունեն հասկանալու, որ ժամանակ է պետք, որովհետև դա այն նույն մարդը չէ, 18 տարեկան տղան էլ նույնը չէ, 20 տարով մեծ է իր տարիքից: Համբերություն է պետք, պետք է ըմբռնումով մոտենալ, բայց նաև չդառնալ այդ ամենի գերին: Պետք է հարազատ զինվորին զգուշացնել, որ դժվար ճանապարհ ես անցել, բայց ունես բուժվելու, վերակագնվելու հնարավորություն, որ քո վատ վիճակից տուժում են ընտանիքի, հարազատների միջև հարաբերությունները: Երբեմն անհրաժեշտ է լինում դեղորայքային միջամտություն: Հատկապես օրգանական բնույթի խնդիրների դեպքում, երբ կոնտուզիա է ստանում մարդը, և տարիներով նրանով չեն զբաղվում: Կոնտուզիայով մարդիկ ունենում են անտանելի գլխացավեր, և այդ ցավերը փարատելու համար, ունենք դեպքեր, երբ սկսում են օգտագործել թմրադեղեր ու ալկոհոլ: Օգտագործելով այդ ամենը՝ ավելի են վնասում ախտահարված օջախը: Տարիների ընթացքում այդ կոնտուզիան դառնում է քրոնիկական հիվանդություն, որը  հոգեբուժական խնդիրների է բերում: Կոնտուզիաների հետևանքները չափազանց ծանր ե : 2016-ի պատերազմին էլ է մեր թիմն աշխատել հետպատերազմյան ընթացքում: 2019-ին գալիս էին տղաներ, որոնք 2016-ի պատերազմում կոնտուզիա էին ստացել և արդեն ունեին ծանր դիագնոզներ, քանի որ, ցավոք, նաև թմրանյութի ու ալկոհոլի էին անցել: Եվս մի բան զգուշացնեմ. պատերազմին մասնակցած մարդիկ, որոնք կոնտուզիա են ստացել, չպետք է ղեկին նստեն: Վերջերս մահացավ ինձ շատ մոտ մի մարդ՝  իր ամբողջ ընտանիքով: Նա ուներ կոնտուզիա, չէր կարողացել ղեկին չքնել: Մեքենան վթարվել էր՝ պատճառ դառնալով ամբողջ ընտանիքի, մանկահասակ երկու երեխայի մահվան:
-Պատերազմին, այսպես թե այնպես, մասնակցել է ամբողջ ժողովուրդը: Նույն տրավման կրում ենք բոլորս, և դա մեր վարքի, միմյանց հետ մեր հարաբերություններում արդեն զգացնել է տալիս: Ի՞նչ է փոխվում պատերազմ տեսած, ամեն օր պատերազմի սպասող, ֆիզիկական անվտանգության խնդիրներ ունեցող ժողովրդի կյանքում:
- Մեր ժողովրդին հատուկ է ապրելն անցյալով և ապագայի համար: Մոռանում ենք, որ ունենք ներկա: Այսինքն՝ կամ անցյալում ենք, կամ ապագայում: Պետք է գնահատել ներկան: Ապրել ու գործ անել ներկայում:
Հարցազրույցը՝ hetq.am

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search