ԱՀ Մարտունու շրջանի Ավդուռ համայնքն ունի 95 բնակիչ. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:
«Ավդուռում բոլորը սահմանապահ են». համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան ու խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ավդուռի համայնքապետ Վարուժան Գրիգորյանը:
«Համայնքում վերաբնակեցրել ենք տեղահանված չորս ընտանիքի՝ 21 հոգով: Նշված ընտանիքները Կարմիր խաչի կողմից ստացել են օգնություն՝ սննդի և հիգիենայի պարագաների տեսքով: Աջակցության տեսքով յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել են 25 հավի ճուտ: Եվս տասը ընտանիքի կարող ենք ընդունել: Դպրոցն ունի 6 աշակերտ։ Մանկապարտեզ չի գործում, քանի որ մանկապարտեզի շենքում գործում է համայնքապետարանը: Բուժկետը նոր է կառուցվել, հանդիսությունների սրահ չունենք: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Պատերազմից հետո 5 կմ երկարությամբ ջրային ցանց է կառուցվել գյուղում, բայց ջրային պաշարների ընդհանուր սակավության պատճառով այս պահի դրությամբ ջրի խնդիր ունենք: Գյուղ տանող ճանապարհները քանդված են ու երթևեկության համար խիստ անհարմար»,- նշեց Վ. Գրիգորյանը:
Նա ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երկու համագյուղացի է զոհվել, մեկն էլ վիրավորվել է։ Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը ասել է, որ 107հա վարելահող ունեն, որից 64հա օգտագործվում է: Պատերազմից հետո մոտ 70-75հա արոտավայր մնացել է չեզոք գոտում, որը չեն կարողանում օգտագործել: Անասունները չեն կարողանում բաց թողնել. թշնամու կողմն են անցնում։ Բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելու մեծ ցանկություն կա բնակչության շրջանում, բայց ոռոգման ջրի սակավության պատճառով չեն կարողանում զբաղվել: