ԱՀ Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքն ունի 254 բնակիչ. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:
Վարդաձորում տեղահանված ընտանիքների համար տներ են վերանորոգվում. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վարդաձորի համայնքապետ Սամվել Սառաջյանը:
«Տեղահանված մեր հայրենակիցներից ինը ընտանիքի համար տներ ենք վերանորոգել և վերաբնակեցրել: Այս պահի դրությամբ ևս հինգ տուն վերանորոգվում է այլ ընտանիքների տրամադրելու համար: Դպրոցն ունի 90 աշակերտ։ Շենքային պայմաններն առայժմ թույլ են տալիս կազմակերպել դասապրոցեսը: Մանկապարտեզ չի գործում, բայց մանկապարտեզի ենթակա շուրջ 60 երեխա ունենք. անհրաժեշտությունն, իրոք, կա: Համայնքում գործում է համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Հանդիսությունների սրահն էլ գյուղացիների ջանքերով ենք կառուցել: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք օրական երկու ժամով: Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգ են, փոխարենը գյուղը մայրուղուն կապող ճանապարհն է անմխիթար վիճակում: Գյուղից դեպի մայրաքաղաք տրանսպորտ է գործում»,- նշեց Ս. Սառաջյանը:
Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, մեկն էլ վիրավորվել է։
Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ Ս. Սառաջյանն ասել է, որ մոտ 95 հա այգի և մոտ 450 հա վարելահող է մնացել թշնամու տիրապետության տակ անցած տարածքներում, ինչի պատճառով գյուղացիների աշխատանքային առօրյան եռուն չէ: