Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել արմատներով ստեփանակերտցի, ամերիկաբնակ հայ արձակագիր և մշակութային գործիչ Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» գրքի շնորհանդեսը։
Ստեփանակերտում կայացել է Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ խոնարհեցին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի զոհված ուսանողների հուշատախտակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Սեր լուսնեզրին» գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում. խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է:
Շնորհանդեսը բացեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ Դերանցը, գրականության ոլորտում ունեցած անուրանալի ավանդից զատ, իր ընտանեկան համեստ միջոցներով բարեգործություններ է կատարում Արցախում՝ օգնելով զոհվածների և կարիքավորների ընտանիքներին:
Անդրադառնալով հեղինակի ստեղծագործությանը՝ Ա.Գրիգորյանը առանձնացրել է այն հանգամանքը, որ գրքում, ազգային խնդիրներից զատ, արծարծված են առավել տարողունակ և բազմաշերտ հարցադրումներ:
«Դերանցը, լինելով հայուհի և անցնելով էմիգրացիայի ճանապարհով, իր մաշկի վրա զգացել է օտարության դժվարությունները, սակայն ոչ միայն չի կորցրել ազգային դիմագիծը, այլև սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունի»,- նշեց Ա.Գրիգորյանը։
Այնուհետև խոսքը տրվեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեգլարյանին: Նա կարևորեց հեղինակի տարբերվող լեզվամտածողությունը, ինքնատիպ ոճը, երևույթները փիլիսոփայորեն և հոգեբանորեն վերլուծելու կարողությունը:
«Վեպում բացահայտվում են հերոսուհու ազգային հոգեբանության և հոգեկերտվածքի բոլոր դրսևորումները: Նա առաջին անգամ զգում է սիրո ողջ քաղցրությունն ու դառնությունը: Բախվում են սերն ու մարդու դաստիարակությունը, սակայն ի վերջո հաղթում է հոգևորը, մաքուրը»,- ասաց Ժ. Բեգլարյանը:
«Ես անասելի ուրախ եմ, որ կրկին իմ հայրենիքում եմ, և գրքիս շնորհանդեսը կազմերկպվում է այստեղ: Գիրքս դեռևս մայիս ամսին արդեն պատրաստ էր, սակայն չէի ուզում այն հրատարակել, քանի որ իմ հայրենիքում ծանր ժամանակներ էին, և սիրո թեմային անդրադառնալը մի փոքր անվայելուչ էր: Սակայն «Անտարես» հրատարակչությունը ինձ համոզեց հրատարակել այն: «Սեր լուսնեզրին» վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման ու դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցած շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում։ Նրա կյանքի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի միացյալ նահանգներում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է ՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման, մարդու և հայրենիքի, ծնողի ու երեխայի կապի մասին: Այն խորը ենթատեքստերի մի ամբողջություն է»,- մեզ հետ զրույցում նշեց Մարգարիտ Դերանցը:
ԱՀ գրողների միության անդամ Սոկրատ Խանյանի խոսքով՝ Մարգարիտ Դերանցն այն հայուհիներից է, ով իր մեկ հայ բարեկամի հետ աշխարհի ցանկացած վայրում կարող է ստեղծել Հայաստան, որը մեր օրերում շատ կարևոր է:
«Այսօր մենք ապրում ենք կյանքի այնպիսի ընթացքի մեջ, որ հաճախ սկսում ենք խորհել՝ արդյո՞ք Արցախը կարող ենք պահպանել դարերով։ Վստահաբար կարող եմ ասել, որ, այո՛, Արցախը կպահպանվի Մարգարիտ Դերանցի և նրա նման հայրենասեր հայուհիների շնորհիվ»,- ընդգծեց Ս. Խանյանը:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դոցենտ Զարինե Սառաջյանի խոսքով՝ գրքի ամեն մի ենթատեքստի մեջ զգացվում է ժողովրդի ցավը: Եվ հայրենիքը բուժվում է այսպիսի միջոցառումների շնորհիվ նաև։
Վերջում ԱՀ գրողների միությունը Մարգարիտ Դերանցին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» մեդալով։