Artsakhpress

Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել

Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգների շրջանակում սեպտեմբերի 12-ին Ռավեննայի փառատոնին հնչել է նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio) ստեղծագործությունը:

Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել

Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն գրվել է Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» hամանուն մասի հիման վրա:
Համերգը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Երեկոյին ներկա է եղել մաեստրո Մանսուրյանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց, որ համերգը հրաշալի է անցել: Նա խոստովանեց, որ նման բարձրակարգ կատարում շատ քիչ է լսել: «Այն, ինչ արեց Ռիկարդո Մուտին իր նվագախմբի, երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի և թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, ուղղակի հրաշալի էր: Այդքան լավ հնչողություն շատ քիչ եմ լսել: Եղել են լավ կատարումներ, բայց նման բան քիչ է եղել: Ես շատ-շատ գոհ եմ երեկվա համերգից ու կատարումից: Ունկնդիրը ևս գոհ էր ու շատ լավ ընդունեց «Քավարանը»: Կարծում եմ՝ Դանթեի մահվան 700-րդ տարելիցին ծնվել է իմ լավագույն ստեղծագործություններից մեկը»,- նշեց կոմպոզիտորը:
Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը, որը մեծ դերակատարություն է ունեցել համերգի կայացման գործում, հիշեցրեց, որ Ռավեննայի փառատոնն Իտալիայի խոշորագույն մշակութային իրադարձություններից է և մեծ համբավ է վայելում աշխարհում նաև դիրիժոր Ռիկարդո Մուտիի շնորհիվ:
«Փառատոնի հետ համագործակցում եմ 1990-ականներից: Լինելով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն՝ կենտրոնի, որն ունի երաժշտական մասնաճյուղ, աշխատում եմ Իտալիայի և ոչ միայն կարևոր երաժշտական կառույցների հետ: Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի առիթով Ռիկարդո Մուտին շատ ցանկացավ համագործակցել Տիգրան Մանսուրյանի, թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, որը նաև կոմպոզիտոր է և հրաշալի կատարեց «Քավարանի» թավջութակի հատվածը»,- պատմեց Լուռյանն ու հավելեց, որ Սոլիման երաժշտություն  է գրել «Աստվածային կատակերգության» «Դժոխք»  հատվածի համար, իսկ  «Դրախտ» հատվածի հիման վրա ստեղծագործությունը հեղինակել է Վալենտին Սիլվեստրովը:
Մինաս Լուռյանը հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո որոշել են Ռավեննայի փառատոնի համերգներից մեկը կազմակերպել Հայաստանում: Երեկոն տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային թատրոնում, և Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հնչել է Մանսուրյանի «Քավարանը»:
«Մուտին որոշեց, որ ղեկավարելու է միայն Մանսուրյանի ստեղծագործությունը, իսկ մյուս գործերը կղեկավարեն առավել երիտասարդ դիրիժորներ»,- ընդգծեց Լուռյանն ու տեղեկացրեց, որ առաջիկայում Իտալիայում ևս մի քանի համերգ է սպասվում:
Սեպտեմբերի 14-ին համերգ է նախատեսվում Ֆլորենցիայի օպերային թատրոնում, իսկ սեպտեմբերի 15-ին՝ Վերոնայի Ֆիլհարմոնիկ սրահում:
Վերադառնալով սեպտեմբերի 12-ի համերգին՝ Լուռյանն ասաց, որ բացօթյա երեկոն հրաշալի է անցել: Մոտավորապես հազար և ավելի ունկնդիր է եղել: Երաժիշտները փայլուն հնչողություն են ապահովել, և համերգը չի տարբերվել փակ դահլիճներում կազմակերպված երեկոներից:
«Մեծ էր Ռիկարդո Մուտիի կշիռն ու դերակատարությունը: Այս մակարդակով քիչ հայ հեղինակների գործեր են գրվում ու կատարվում միջազգային հարթակում: Մեծ պարծանք էր բոլորիս համար»,- շեշտեց նա ու հավելեց, որ  համերգին ներկա են եղել  մի շարք պետական պաշտոնյաներ, որոնք շնորհավորել են Մանսուրյանին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search