ԱՀ Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքը 131 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:
Նախատեսվում է ասֆալտապատել Գառնաքարի ներհամայնքային ճանապարհները. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գառնաքարի համայնքապետ Էրիկ Մարտիրոսյանը:
«Պատերազմից հետո գյուղում տեղահանված 6 ընտանիք է հաստատվել. ևս 6 ընտանիքի էլ կարող ենք ընդունել: Դպրոցում սովորում է 30 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. գյուղում մանապարտեզի ենթակա երեխաները շատ քիչ են՝ ընդամենը 5֊ը։ Ունենք ակումբի շենք, որտեղ երկու սենյակ տրամադրվել է համայնքապետարանին՝ գործունեությունն իրականացնելու համար: Հանդիսությունների սրահ չունենք: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում. նախատեսվում է եկող տարի ասֆալտապատել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք օրական մի քանի ժամով: Գյուղում գործող տրանսպորտ չունենք. օգտվում ենք Վանք գյուղում գործող տրանսպորտային միջոցից»,- նշեց Է.Մարտիրոսյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բարեբախտաբար, Արցախյան 44-օրյա պատերազմում գյուղը նյութական և մարդկային կորուստներ չի կրել: Նրա խոսքով՝ գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, նաև մշակում են իրենց սեփական հողատարածքները: