«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ ուժերով վերանորոգվել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, զինծառայող, Արցախյան 3-րդ պատերազմում վիրավորված 19-ամյա Կամո Պետրոսյանի՝ պատերազմի ընթացքում վնասված բնակարանը:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Մարտունիում տուն են վերանորոգել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի սոցբաժնի պատասխանատու Լուսինե Աբրահամյանն ասել է.
«Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն Արցախում օժանդակության տարբեր ձևերով նպաստում է ժողովրդի կյանքի բարելավմանը, ֆինանսական, բժշշկական և այլ տեսակի օգնություններ է տրամադրում նրանց: Ուզում եմ նշել, որ Ավետարանչականը համագործակցում է Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ: Թող խաղաղություն լինի Արցախ աշխարհում, որպեսզի մարդիկ ապրեն, արարեն ու ծաղկեցնեն մեր երկիրը»,- նշեց Լ. Աբրահամյանը:
Մինչ պատերազմը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն Արցախի տարբեր շրջաններում մեծ գործունեություն էր ծավալում, ինչը լայն թափ է ստացել պատերազմից հետո:
«Տարիներ ի վեր «Թուֆենկյան» հիմնադրամն Արցախում կարևոր աշխատանքներ է իրականացնում, մանավանդ՝ պատերազմից հետո: Այս պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշել է Մարտունի քաղաքում և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա»,- նշել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը:
Պետրոսյանների ընտանիքի մայրը՝ Նելլի Պետրոսյանը, իր երախտիքի խոսքն է հայտնել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին և Հայ ավետարանչական ընկերակցությանը՝ այս դժվարին պահին իրենց կողքին լինելու համար:
«Մեր բնակարանը ստացել ենք 2016 թվականին՝ Հայաստան համահայկական հիմնադրամի շնորհիվ՝ որպես բազմազավակ ընտանիք. 11 հոգի ենք: Արկի պայթյունից տունը լրիվությամբ ավերվել էր: Չէինք հավատում, որ կարող ենք նորից քարը քարի վրա դնել ու նոր, վերանորոգված բնակարան ունենալ: Երկու ամսվա ընթացքում վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվել են և այսօր ապրում ենք բարեկեցիկ պայմաններ ունեցող մեր տանը»,- ասել է Ն. Պետրոսյանը: