Ստեփանակերտում կազմակերպվել է արցախյան «Գորգարվեստի» մրցույթ
Արդեն հինգերորդ տարին է, ինչ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Արցախում կազմակերպվում է արցախյան «Գորարվեստի» մրցույթ:Այն անց է կացվում մեկ փուլով և «գորգ», «կարպետ», «ասեղնագործություն» անվանակարգերով:
Ստեփանակերտում կազմակերպվել է արցախյան «Գորգարվեստի» մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 37 աշխատանք, որից 5-ը՝ «գորգ», 5-ը՝ «կարպետ», 27-ը՝ «ասեղնագործություն» անվանակարգերում:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանի խոսքով՝ մրցույթին ներկայացվել են յուրահատուկ և հետաքրքիր աշխատանքներ: «Մենք ունենք ավանդույթներ, որոնք հարատև են և պետք է ուշադրության կենտրոնում պահենք:
Այդ ավանդույթներից է գորգարվեստի պահպանությունը: Հատկապես ստեղծված իրավիճակում պետք է ինքներս մեր մեջ պահենք ազգայինը: Հայացք նետելով անցյալ դարերին՝ համոզված կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը, հայտնվելով ծանր ժամանակներում, այնուամենայնիվ, միշտ էլ իր հոգու արտացոլանքն արտահայտել է նաև մշակույթի նման ոլորտում»,- նշեց Մ. Բալայանը:
Գորգագետ Աշխունջ Պողոսյանը կարևորեց ավանդականի գործածումը՝ հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին։
«Համեմատելով այս տարվա գորգարվեստի մրցույթին ներկայացված աշխատանքները նախորդ տարիներին ներկայացված աշխատանքների հետ՝ կարելի է բնորոշել, որ առաջընթացը նկատելի է: Ընդ որում՝ այդ առաջընթացը պայմանավորված է գունային երանգների ճիշտ ընտրությամբ, և ինչ-որ չափով նաև աշխատանքների կատարման տեխնիկայով։ Շատ ուրախ եմ, որ ներկայացված են արցախյան ավանդական գորգագործական և կարպետագործական աշխատանքներ՝ պահպանելով գեղազարդման ավանդույթները: Պետք է հավատարիմ մնանք մեր ավանդույթներին, քանի որ մերն ամենալավն է»,- ընդգծել է գորգագետը:
Մրցույթի վերջում հաղթող մասնակիցները ստացել են դրամական պարգևներ։