Artsakhpress

Հարցազրույց

Բզկտված, կեղեքված, ամենածանր վիճակում լինելով՝ շարունակում ենք պետականությունն ընկալել որպես վարքագիծ, կենսակերպ. ԿԳՄՍ նախարար

Արցախում պատերազմից հետո մեծ թափով իրականացվում են կրթամշակութային բարեփոխումներ: Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ անելիքները շատ են, բայց առաջին հերթին հոգեկերտվածքային որակների փոփոխման հարցում է, այն, որ արմատախիլ արվի հովանավոր որոնելու եւ օգնություն աղերսելու վատ սովորությունը, որն ազգային ապրելակերպ է դարձել:

Բզկտված, կեղեքված, ամենածանր վիճակում լինելով՝ շարունակում ենք պետականությունն ընկալել որպես վարքագիծ, կենսակերպ. ԿԳՄՍ նախարար

Բզկտված, կեղեքված, ամենածանր վիճակում լինելով՝ շարունակում ենք պետականությունն ընկալել որպես վարքագիծ, կենսակերպ. ԿԳՄՍ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լուսինե Ղարախանյանի հարցազրույցը «Հայկական ժամանակին»-ին`ստորև.
 
- Տիկին Ղարախանյան, Արցախյան 44-օրյա պատերազմից անցավ 1 տարի: Վերականգնվե՞լ է արդյոք Արցախում մշակութային կյանքը: Ի՞նչ խնդիրներ են դեռ առկա, որոնք առաջնային լուծման կարիք ունեն: 
 
- Բնականաբար, հնարավոր չէ ոլորտի խնդիրները լուծված համարել մեկ տարում կամ մեկ տարի անց: Մինչեւ օրս չլուծված են մնում օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Մենք ֆիզիկապես չենք կարողանում վերահսկել մշակութային, պատմամշակութային եւ պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Սա մեծ խնդիր է, չնայած պայքարում ենք այդ ուղղությամբ: Մեզ համար չլուծված կամ մասամբ չլուծված է մնում նաեւ օկուպացված տարածքների մշակութային կրթական հաստատությունների ուսուցիչներին աշխատանքով ապահովելու հարցը: Նրանց բնակարանային հարցերը դժվար է միանգամից կամ շատ արագ լուծել: Շարունակվում են կոպտորեն խախտված մնալ հանրակրթության դաշտում մեր 1618 ուսուցչի եւ կրթամշակութային հաստատություններում էլ գրեթե 1000-ի հասնող ուսուցիչների բնականոն կյանքի իրավունքները: Մեր ուսուցիչների, արվեստի գործիչների մեծ մասը շարունակում են սփռված մնալ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերով: Բնակարանային հարցերի պատճառով շարունակում է դեգերումները Շուշիի Խանամիրյանի անվան թատրոնի անձնակազմը:
 
 
- Իսկ որտե՞ղ են նրանք շարունակում իրենց գործունեությունը:
 
 
- Շուշիի թատրոնի անձնակազմը հիմա Գյումրիում է: Այդ տաղանդաշատ դերասանների բնակարանային հարցը մնում է չլուծված, բայց նրանք ուզում են օր առաջ վերադառնալ Արցախ: Հայաստանի կառավարությունն իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ. Շուշիի գորգերի համար է տեղ տվել, Բերձորի պատմաերկրարգիտական թանգարանն արդեն այնտեղ հանգրվան ունի: Տարբեր մասնավոր դեպքեր ունենք, որ դիմել ենք, ու բավարարվել է: Հայաստանում աշխատանքի են տեղավորել նաեւ արվեստի ոլորտի մեր շատ մասնագետների: Բայց ինչպես Շուշիի թատրոնի, այնպես էլ մի շարք մշակութային օջախների հարցեր դեռ մնում են չլուծված:
 
 
- Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ նոր նախաձեռնություններ, ծրագրեր են կյանքի կոչվել: Կա՞ն մշակութային հաստատություններ, որոնք պատերազմից առաջ գործում էին, իսկ այսօր՝ ոչ:
 
 
- Չունենք, եթե, իհարկե, խոսքը օկուպացված տարածքներ մասին է: Պատերազմից հետո բացել ենք Հադրութի արվեստի դպրոցն այստեղ: Այստեղ աշխատում է նաեւ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Այստեղ են նաեւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մի քանի խմբակներ, մի մասն էլ Հայաստանում է: Ուզում ենք Ջերմուկում բացել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն եւ պայմաններ ստեղծել նրանց համար, որովհետեւ Շահումյանի շրջանից շատ երեխաներ են գտնվում Ջերմուկում: Ընթացքի մեջ են ծրագրերը: Չենք կարող ասել, որ բոլոր խնդիրները լուծված են:
 
 
- Այն տարածքները, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում, այդ հատվածներից հնարավոր եղե՞լ է մեր մշակութային ժառանգությունից ինչ-որ բան փրկել: Մասնավորապես՝ Շուշիից ի՞նչ ենք կարողացել դուրս բերել:
 
 
- Հնարավոր չի եղել գրեթե ոչինչ փրկել: Օկուպացված են մնացել 12 թանգարաններ, որոնցից 10-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր՝ մոտ 21 հազար արժեքավոր ցուցանմուշներով: Օկուպացված են եւ արդեն թշնամին ավերել է Հադրութում գտնվող Արթուր Մկրտչյանի, Սերգեյ Խուդյակովի թանգարանները: Լրիվությամբ ավերվել է Շուշիի քանդակների պուրակը, այդ քանդակների հեղինակները տարբեր ազգության ներկայացուցիչներ, աշխարհահռչակ քանդակագործներ էին: Այն արդյունք էր 6 տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպվող միջազգային սիմպոզիումների: Ավերված է Շուշիի պատմության թանգարանը՝ 5000 ցուցանմուշով: Անհայտ են դրամների թանգարանի, Գորգերի թանգարանի պահոցի ճակատագրերը: Անհայտ են Շուշիի պատկերասրահի եւ Երկրագիտական թանգարանի արժեքավոր քարերի ու միներալների ճակատագրերը: Մենք տեղեկություններ ունենք, որ դրանք եւս ավերված են: Օկուպացված տարածքներում հետեւողական կերպով ավերվում են Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հուշարձանները, դրանք թշնամու նշանակետերն են. ավերում են, լուսանկարում եւ տեղադրում համացանցում: Այդ ամենի մասին մենք համացանցի ենք տեղեկանում, վերցնում եւ որպես ապացույց պահում: Մի խոսքով... մենք եւ թշնամու բարբարոսությունը: Թշնամին շատ անհաղորդ է, անհնար է որեւէ կերպ լեզու գտնել, համագործակցության եզրեր փնտրել: Օկուպացված տարածքներից մեր պատմամշակութային ժառանգության որեւէ նմուշ փրկելու կամ ետ բերելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն) առաքելական այցը պիտի լիներ այդ տարածքներ, բայց, չգիտես ինչպես, Ադրբեջանին շատ հեշտ հաջողվում է չեղարկել միջազգային կառույցների բոլոր նմանատիպ նախաձեռնությունները:
 
 
- Տիկին Ղարախանյան, ինչպես դուք նշեցիք, պատերազմից հետո ադրբեջանցիները մեր մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը վանդալիզմի են ենթարկում: Նաեւ արդեն դեպքեր կան, երբ նրանց սպառնալիքների պատճառով միջազգային փառատոներից հանվում են մեր ֆիլմերը: Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու լուռ մնալ: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:
 
 
- Գիտեք՝ մենք ընդհանրապես շատ պասիվ ենք քարոզչական դաշտում, շատ իներտ ու լռակյաց ենք: Մեր մշակութային քաղաքականությունը, որ մինչեւ հիմա փառատոնային միջոցառումների ֆորմատներով է, պիտի վերանայվի: Պետք է մեկընդմիշտ ջնջել այսրոպեական միջոցառումները եւ կոնկրետ զբաղվել մշակութային ժառանգության պահպանման, քարոզչության հարցերով: Կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է քայլեր ձեռնարկենք եւ բոլոր ջանքերն ուղղենք դեպի քարոզչությունը՝ գիտական եւ հանրամատչելի մակարդակով: Մենք պետք է աշխարհին ցույց տանք մեր մշակույթը, իսկ այն սոսկ հայկական մշակույթ չէ, այլ համամարդկային, քաղաքակրթական հզոր ժառանգություն է: Օրակարգում պետք է լինի մեր պատմամշակութային ժառանգության հանրահռչակումը, փոխանցումն ու պահպանումը: Ես չեմ հասկանում՝ այդ բազմաէթնիկ հանրույթին (նկատի ունի՝ ադրբեջանցիներին - հեղ.), այդ քոչվորներին ինչպե՞ս է հաջողվում միանալ ու պայքարել քաղաքակրթության բոլոր փուլերը հաղթահարած եւ պատմական առաքելություն ունեցող ազգի դեմ եւ նրա նկատմամբ անել այն, ինչ իրենք այսօր անում են: Մենք մեր ներսում չենք կարողանում միասնականանալ, մի բռունցք դառնալ, բայց իրենց՝ այդ քոչվորներին հաջողվում է: Պարզապես ստացվել է այնպես, որ այդ քոչվորները եկել ու նստել են մեր հայրենիքի սրտում:
 
 
- Կարո՞ղ ենք ասել, որ այս պատերազմը նաեւ մշակույթի, կրոնի համար էր:
 
 
- Բոլոր պատերազմներն ի վերջո մշակույթի համար են: Կրոնի համար են, թե չէ, վստահ չեմ կարող ասել, որովհետեւ կրոնի հարց չկար: Իհարկե, սա մշակույթի պատերազմ է, վերլուծությունները տանում են դրան, բայց չէի ասի, թե սա կրոնի պատերազմ է:
 
 
- Օրերս Արցախում տեղի ունեցավ գորգերի մրցույթ, եւ դուք, խոսելով այդ մասին, ասել էիք, որ մենք պետք է աշխարհին ներկայանանք նաեւ գորգարվեստով: Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մինչ օրս, եւ ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունն առաջիկայում, որպեսզի հանրահռչակվի մեր ունեցած հարուստ ժառանգությունը:
 
 
- Արցախի գորգն աշխարհի գորգարվեստում ունի իր տեղը, բայց մենք պետք է արդիականացնենք այդ թեման: Ադրբեջանը շատ բան է գողացել մեր գորգարվեստից: Յուրաքանչյուր տարի անում ենք գորգարվեստի մրցույթ փառատոն, որով փորձում ենք պահել եւ փոխանցել արցախյան գորգարվեստի լավագույն արժեքները: Այս անգամ շատ հետաքրքիր մրցույթ էր: Չնայած հաղթել է Հադրութը, բայց Շուշիի գորգերի նախշերի մեջ անասելի տառապանք կար. կորուստը արվեստում յուրահատուկ կերպով էին արտահայտել: Մենք շարունակելու ենք այդ մրցույթները: Գորգերի մեր հավաքածուն մասնավոր է, բայց առաջիկայում այն ուզում ենք պետական դարձնել: Մեր համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են միջազգային հարթակում արցախյան գորգարվեստը ներկայացնելու, հանրայնացնելու ուղղությամբ:
 
 
- Բոլորովին վերջերս այսպիսի մի միտք էիք արտահայտել, որ ոչ մի տեղ, հայրենիքից դուրս հայրենիք պետք չէ փնտրել, չստեղծել հոգեւոր գաղութներ եւ պատմության դասերը պետք է սերտել, այլապես պատմությունը անողոքաբար պատժում է այն շրջանցողներին: Պատերազմից հետո, երբ խոսեցինք, ծանր վիճակում էիք: Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել, ապրելու ու ապրեցնելու ուժ գտնել:
 
 
- Ինձ ապրեցնելու եւ շարունակելու ուժ են տալիս մեր այն ուսանողները, որոնք հաշվեգրվել էին բուհեր եւ 18 տարեկանում զորակոչվել բանակ, բայց այսօր չկան: Այդ անձինք են ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դիմորդ Արեն Միրզոյանը, Տնտեսագիտական համալսարանի Արամը, Լեւոնը Հովսեփյան... այդ ոսկե տղաներն են իմ մոտիվացիան, որոնց վրեժը մենք պետք է առնենք՝ հստակ, համակարգված գործունեություն ծավալելով: Արցախն իր պատմության մեջ ծանր ժամանակահատվածներ շատ է ունեցել, բայց այսպիսի փուլ չի եղել: Ովքեր այսօր լքում են Արցախը, նրանք դասալիքներ են, ես առանց ամաչելու նրանց ասում եմ՝ դասալիք: Մենք պետք է Արցախը հայկական պահենք: Եվ թող անհամեստ չհնչի, բայց, իմ ընկալմամբ, Արցախը Հայոց ազգային գաղափարախոսության վերջին էջն է: Արցախը ազգային գաղափարախոսության մոտիվացիան է, առանց Արցախ ազգային գաղափարախոսություն չի կարող լինել: Մենք պահելու ենք մեր երկիրը: Հայրենիքից դուրս հայրենիք չենք ստեղծելու: Նժդեհն ասում է՝ բյուզանդացիները, պարսիկները, արաբները փառավորվել են մեր բազկի ուժով, բայց զրո գին ունի դա, դա հոգեւոր գաղութ է: Հոգեւոր գաղութներ չի կարելի ստեղծել դրսում՝ օտար ափերում: Դա ոչ մի օգուտ չի տալիս, կարող է՝ մեզ երբեմն օգնում են, բայց դա մի նոր գերություն է: Այն մարդիկ, որոնք գնում են ԱՄՆ-ում կամ այլ երկրում անհոգ ապրում, դա ես անհոգություն չեմ համարում. այդպիսով դու հեռանում ես քո արարչաստեղծ էությունից, քո տեսակից, քո տարածքից: Աստված մեզ դնում է մեր հողում, որը պետք է պահել, այլապես դա նշանակում է մեղանչել հենց Աստծո դեմ:
 
 
- Որպես ԿԳՄՍ նախարար՝ ինչի՞ մասին եք երազում ու ինչի եք ձգտում այսօր:
 
 
- Հոգեկերտվածքային որակներ ունենք մենք, որոնք արմատախիլ պիտի արվեն, դրանք են հովանավոր որոնելն ու օգնություն աղերսելը: Մենք պիտի մեկընդմիշտ մաքրենք այդ հատկանիշները: Ով որոնում է ինչ-որ մեկին հովանավոր, նա շատ հեշտ է տրվում գայթակղությունների: Մենք պետք է մեր միջից հանենք այդ հատկանիշը: Պիտի ինքներս հզորանանք: Մենք դա կարող ենք, որովհետեւ սփյուռք ունենք, Հայաստան ունենք: Քաղաքակրթական թեմաների մասին խոսելը ռոմանտիկ սենտիմենտալ բան է. ուժն է ծնում իրավունք: Բարբարոսի կողքին ապրելիս քաղաքակրթական արժեքների մասին մտածելը երազախաբություն է: Ես էլ այդ ձեւով չեմ մտածում, ինձ էլ չի խանդավառում Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը», ոչ էլ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»: Մենք պետք է ստեղծենք մեր ուժերը, ունենանք մեր զենքն ու զինամթերքը, դառնանք ոչ թե գործիք, այլ գործոն, ինչպես Իսրայելի պարագայում եղավ: Մենք ի զորու ենք դա անելու, պարզապես դարերով, երբ անընդհատ պետականություն ենք կորցրել, ետ վերցրել, մեր ներսում առաջացել է երերուն վիճակ: Դա է նաեւ պատճառը, որ մենք այսօր ինքնավստահության պակաս ունենք որպես ազգ, որպես պետություն: Այս երերուն պետականությամբ ես վստահ եմ, որ մենք պահելու ենք մեր սուվերենությունը, եւ թող որեւէ մեկը չկասկածի: Ադրբեջանին թվում է, թե սուվերեն է, բայց ինքն արդեն Թուրքիա է: Մեր երկրին ամենավատ ձեւով են վերաբերվել. բզկտված, կեղեքված, ամենածանր վիճակում լինելով՝ շարունակում ենք պետականությունն ընկալել որպես վարքագիծ, կենսակերպ:
 
 
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Search