Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում Մեսրոպ Մաշտոց համալսարանի Օտար լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, գիտությունների վաստակավոր գործիչ, ԱՀ վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Հայրապետյանի հիշատակին։
Վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Հայրապետյանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։
«Էլեոնորա Հայրապետյանն այնպիսի անձնավորություն էր, ումից կարելի էր անվերջ մի նոր բան սովորել։ Նրան թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները սիրում ու գնահատում էին։ Մեծ ցավ եմ ապրում, որ նրա նման մանկավարժները այսօր մեզ հետ չեն»,- նշել է Դ. Գաբրիելյանը։
Էլեոնորա Հայրապետյանը նաև Արցախի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկանն էր։ Բուհի նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանն յուրահատուկ ջերմությամբ է հիշում նրան։
«Ինձ բախտ է վիճակվել աշխատել մեծ մանկավարժի հետ, և պետք է ասեմ, որ նա ոչ միայն լավագույն մասնագետներից էր, այլև մարդու այն տեսակը, ում հետ կարելի էր կիսվել, ում վրա կարելի էր հույս դնել ու հենվել։ Մենք մարդկային որակներով իրար շատ նման էինք, և երևի թե հենց դա էր պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը ստացվեց»,- ասել է Մ. Մինասյանը։
Էլեոնորա Հայրապետյանի ուսանողուհի Նոննա Պողոսյանի խոսքով՝ նա անթերի մարդ էր, ուժեղ կին, ումից կարելի էր սովորել պատկերացրածից ավելին։
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄՄՀ դասախոսներ, ուսանողներ։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, հյուրեր։