«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գայանե Խեչումյանը ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքից գործուղվել է Արցախ ու այժմ հայոց լեզու և գրականություն է դասավադում ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցում:
Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին Հոռաթաղ գործուղված ուսուցչուհի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գայանե Խեչումյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը լավագույնս արտացոլում է իր ցանկությունները և ինքն, ահա, Արցախում է։
«Ծրագրին մասնակցելու մոտիվացիան մանկության տարիների պարզ ցանկությունս էր՝ գնալ և ապրել որևէ հեռու գյուղում, իսկ երբ հետագայում ձեռք բերեցի մանկավարժի մասնագիտություն, ցանկացա նաև դասավանդել։
Իմ երկամյա գործունեության ընթացքում ակնկալում եմ անվերջ բացահայտել աշակերտներիս փոխադարձ սիրո մթնոլորտում, ցույց տալ, որ նրանք կարող են և ունեն ներուժ, որը կօգտագործվի ի նպաստ արդեն մեր համայնքի։
Ակնկալում եմ ունենալ մարդկային բարձր արժանապատվության, պատվի և պատասխանատվության գիտակցմամբ աշակերտ, որը կլինի նաև բազմակողմանի զարգացած քաղաքացի։
Այս ամենի հետ մեկտեղ՝ զարգացնել մասնագիտական հմտություններս և կայանալ՝ որպես մանկավարժ։
Եվ գուցե իմ առաքելությունը լինի այն օրինակներից մեկը, որը կրթությամբ հետաքրքրվող մարդկանց ևս բերի Արցախ, և այս շղթան կրի շարունակական բնույթ։
Իսկ նման շարժումը կօգնի հասնել դրական և կառուցողական փոփոխությունների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Խեչումյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում դասավանդելն իր համար պատմության, սիրո, հոգատարության խորհուրդ ունի։
«Արցախի ապագային նայում եմ լավատես աչքով․ մեր հրաշալի աշակերտներն են այդ ապագայի գրավականը։ Որքան լավ սերունդ ունենանք այսօր, այնքան լավ ապագա կունենանք վաղը», - հավելեց Գ. Խեչումյանը: