Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան֊ Գանձասար գիտամշակութային կենտրոնը իր նմուշները՝ ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային փաստաթղթերը, ինչպես նաև՝ համակարգիչներն ու տեխնիկական այլ միջոցները, տարհանել է ռազմական գործողությունների գոտուց, տեղափոխվել և պահվել առավել ապահով վայրում՝ Երևանի Մատենադարանում:
Պատերազմից հետո վերաբացված Մատենադարան֊Գանձասար գիտամշակութային կենտրոնը շուրջ 2500 այցելու է ունեցել. տնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ մասնաճյուղը պատերազմի օրերին էլ չէր դադարեցրել իր գործունեությունը, այլ իր դռները ժամանակավորապես փակել էր այցելուների առաջ:
«Պատերազմի օրերին տարհանվել են Մատենադարանի բոլոր ցուցանմուշները: Կարգն է այդպիսին. թանգարանային նմուշները պետք է հնարավորինս արագ դուրս բերել այն շրջանից, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում: Մենք չգիտեինք՝ թշնամին հատկապես որ ուղղությամբ կզարգացնի հարձակումը, կհրետակոծի՞ Գանձասարը, թե՝ ոչ: Այս պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք մշակութային կոթողների, եկեղեցիների ու վանքերի թիրախավորմանը: Ուստի որոշում կայացվեց լրիվությամբ տարհանել ձեռագրական ժառանգությունը: Մեզ այդ հարցում օգնեցին կամավորները: Տարհանած նմուշների 1/3-ը հուլիս ամսին վերադարձրել ենք Գանձասար»,- ներկայացրել է Ա. Թորոսյանը:
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ ստեղծման առաջին իսկ օրից իրենք կարևորել են կառույցի մշակութային, լուսավորչական առաքելությունն Արցախում, հատկապես՝ երիտասարդության շրջանում, և հուլիսից մինչ օրս ընդունել են շուրջ 2500 այցելուների: