ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքը 271 բնակիչ ունի. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:
Մուշկապատի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. Համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշկապատի համայնքապետ Ռուբեն Մուսայելյանը:
Խոսելով գյուղի պատմության և անվան ծագման մասին՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ այն որպես բնակավայր հիմնադրվել է 7-8-րդ դարերում. գյուղը հնում էլ նույն անվանումն ուներ, որը բացատրվում է երեք տարբերակով՝ «Մեջքապատ»(բարձր լեռան հարթակում գտնվելու և թիկունքը ժայռաբլուրներով պատված լինելու պատճառով), «Մշուշապատ»(տարվա մեծ մասը մշուշով պատված լինելու պատճառով), «Մուշկապատ»( «մուշկ« ծաղկի անունից)։
«Գյուղում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդ ունենք և սիրով 16 ընտանիքի կընդունենք մեր հյուրընկալ գյուղում:
Համայնքապետարանի շենքը նորակառույց է. այստեղ են տեղակայված նաև բուժկետն ու գրադարանը:
Ունենք ժամանակակից տարբերակով կահավորված ակումբ. հանդիսությունների սրահ չունենք:
Այստեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, կամ, որոշ հեղինակների վկայությամբ, Սուրբ Հովհաննեսի եկեղեցին։ Գյուղամիջյան ճանապարհները խճապատված են, սպասում ենք, որ պետական ծրագրով ասֆալտապատվեն։
Դպրոցի շենքը հիմնանորոգվել է 2005թ․֊ին՝ «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից։ Այստեղ սովորում է 43 աշակերտ:
2019թ.-ից Մուշկապատում գործում է «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է։
Ծրագրին մասնակցում է 5 համայնքներից մոտ 80 աշակերտ. ուսումնասիրում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն:
Մանկապարտեզ չունենք, բայց նախադպրոցական տարիքի 33 երեխա կա գյուղում: Ամառային շրջանում ջրի խնդիր ունեինք, բայց այժմ այն լուծված է:
Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ»,-ներկայացրել է Ռ. Մուսայելյանը:
Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2 համագյուղացի է նահատակվել, 2-ն էլ վիրավորվել են:
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ համայնքի ղեկավարը որպես հիմնական ուղղություններ առանձնացրեց հողագործությունն ու անասնապահությունը: