Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ
Արցախցի մի խումբ կանայք՝ Արմինե Ավագիմյանը, Քրիստին Բալայանը, Գայանե Սարգսյանը, Մարինա Մկրտչյանը, Դիանա Համբարձումյանը և Ծովինար Պետրոսյանը նախաձեռնել են հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու հանրության մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։
Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց հանդիպման նախաձեռնող խմբի անդամ Արմինե Ավագիմյանը:
«Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրմուղ֊ կոյուղու՝ ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանցի զինծառայողը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, ևս 3 աշխատակից՝ վիրավորվել:
Սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրաաստիճան անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել՝ ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:
Այդպիսով արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք անվտանգության գործող մեխանիզմների վերանայման անհրաժեշտության, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ խնդիրների մասին, ինչպես նաև նրան ենք փոխանցել նշված բովանդակությամբ դիմումը», - մեզ հետ զրույցում նշել է Ա. Ավագիմյանը և հավելել, որ հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում, խաղաղապահ զորակազմի հրամանատարն արտահայտած մտահոգությունները համարել է բնական և խոստացել անդրադառնալ շոշափվող և հանրությանը հուզող հարցերին: