Այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում կազմակերպվել է հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով դրամահավաքի նպատակը Արցախի վերականգնմանը նպաստելն է. կազմակերպվել է հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը, իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, դեկտեմբերի 10-ին Արցախում առաջին անգամ կայանալիք հեռուստամարաթոնին, հիմնադրամի հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
Բացման խոսքով հանդես եկավ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական Հակոբ Ավանեսյանը և նշեց, որ հիմնադրամի գործունեության առաջնային սկզբունքը թափանցիկությունն է:
«Թափանցիկության ապահովման նպատակով ԲՏՌՊԿ հիմնադրամի կողմից ստեղծվել է համայն հայությանը միավորող օնլայն հարթակ՝ ahimnadram.com –ը: Հարթակն ապահովում է ներդրող-հիմնադրամ-շահառու փոխհարաբերությունների արդյունավետությունը և վստահությունը: Կայքն այնպես է կազմված, որպեսզի ցանկացած ներդրող կարողանա հետևել իր կատարած ներդրումների օգտագործման ընթացքին և տեսնել թե, որ փուլում է գտնվում այն: Քանի որ արցախցին, ապրելով իր հայրենիքում, ավելի լավ գիտի առկա խնդիրները, միանգամից կարող ենք տեղային սրսկում իրականացնել, այսինքն՝ պոտենցիալ ներդրողը տեսնում է մեր հայրենակիցների կողմից ներկայացված ծրագրերը», - նշեց Հ. Ավանեսյանը:
Հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանի խոսքով՝ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն Արցախի հետպատերազմյան հիմնախնդիրների լուծմանն ուղղված համակարգ է, որի նպատակն է վերականգնել Արցախի սոցիալ ֊տնտեսական վիճակը, ինչպես նաև օգնել տեղահանված արցախցիներին կառուցել իրենց ապագան հայրենիքում՝ ընդգրկելով նրանց Արցախի զարգացմանն ուղղված իրատեսական և նորարարական տարբեր ծրագրերում։
Կառույցի Բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը՝ ստարտափերի և բիզնես նախագծերի աջակցության ծրագիրը, ներկայացվող ծրագրերի ընդունման ընթացակարգը և կայքում արդեն իսկ տեղադրված ու հասանելի ծրագրերը, որոնք դրամահավաքի միջոցով կֆինանսավորվեն:
Նշենք, որ Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին Արցախում առաջին անգամ կանցկացվի հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի Արցախի զարգացմանն ու շենացմանը: