Նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից և հավելում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր:
Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21386 քաղաքացու հետազոտություն, որից 3513-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 2 մահվան դեպք։ 54-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։ Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով շրջապատի մարդկանց առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00֊ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։