Արցախի Մարտունու շրջանում կհիմնվի Տեխնոպարկ, որի նպատակն է շրջանի երիտասարդներին ժամանակակից տեխնոլոգիական կրթություն տալը:
Մարտունու շրջանում Տեխնոպարկ է հիմնվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերելու աշխատաշուկայում պահանջված հմտություններ և պատվերներ ընդունելու աշխարհի տարբեր երկրներից՝ մնալով իրենց գյուղերում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի մասնագետ, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը:
«Տեխնոպարկ հիմնելու գաղափարը առաջացավ «ԵՍ» կրթական ծրագրի ստեղծմանը զուգընթաց, այն մեր ծրագրի մի բաղկացուցիչ մասն է :Ծրագիրն իրականացվում է 3՝ «Բացահայտում» , «Հմտացում», «Սկսենք» փուլերով։ Առաջին փուլը բացահայտում է ուսանողների ընդունակությունները, ծանոթացնում է ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին և անհրաժեշտ հմտություններ է փոխանցում հաջորդ փուլերի համար։ Երկրորդ փուլի ուսանողները հմտանում են ռոբոտաշինության, ծրագրավորման, թվային դիզայնի և մարքեթինգի ուղղություններով՝ դառնալով սկսնակ մասնագետներ։ Երրոդ փուլում երկրորդ փուլի բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն են ստանում ստեղծելու իրենց սեփական ընկերությունները:
Տեխնոպարկ չունենալու դեպքում` այս տարի առաջին փուլն ավարտող ավելի քան 30 ուսանող չի կարողանա մասնակցել երկրորդ փուլին։ Համապատասխան կենտրոնի բացակայության պատճառով ներկայումս կենտրոնի դասընթացներն անցկացվում են համայնքային տարբեր շենքերում։ Հաղորտիի համայնքապետարանը համայնքային շենքերից մեկն անհատույց տրամադրել է «ԵՍ» կրթական հիմնադրամին։ Այստեղ գործելու է Մարտունու տեխնոպարկը՝ դառնալով «ԵՍ» կրթական ծրագրի առաջին կենտրոնը, որը կունենա իր սեփական տարածքը։ Շենքը վերանորոգման, կահավորման և տեխնիկական հագեցման կարիք ունի», - նշեց Ա. Ավանեսյանը և հավելեց, որ ֆոնդ ստեղծելու և գումար հայթայթելու նպատակով Մարտունու շրջանում Տեխնոպարկ հիմնելու նախագիծը տեղադրվել է reArmenia համագործակցության և դրամահավաքի հարթակում: Ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել՝ աջակցելով տեխնոպարկի նոր շենքի վերանորոգմանը: